Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսից մահացության 4 նոր դեպք: Այդպիսով, վիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի:
Ինչպես տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը, վերջին 4 մահացածները տարեց մարդիկ էին. 84-ամյա տղամարդ Լոմբարդիա մարզի Նեմբրո քաղաքից, 91-ամյա տղամարդ Սան Ֆիորանո քաղաքից, 83-ամյա կին Լոդի մարզի Կոդոնյո քաղաքից և 76-ամյա կին Վենետո մարզի Տրևիզո քաղաքից:
Վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը երկրում հասել է 322-ի:
Նշվում է, որ Բարսելոնայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը. հիվանդը 36-ամյա իտալուհի է, որը բնակվում է Իսպանիայում: Նա նոր է վերադարձել Իտալիա կատարած ուղևորությունից:
CNN-ի տվյալներով՝ հիվանդացության երկու նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում: Նախօրեին հաղորդվում էր, որ Ֆրանսիայում բոլոր վարակվածներն ապաքինվել են:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 57-ի: ԱՄՆ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 4 նոր դեպքերը Ճապոնիայում գտնվող Diamond Princess նավից տարհանվածների շրջանում են գրանցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում