«Մայրամուտից առաջ՝ այս պահին»
Նմանատիպ
Ծերո՜ւկ…
Ծերուկն ամեն առավոտ՝ արևածագին հավասար, ջահելությունը գրպանած, վազում էր բակից փոքր-ինչ հեռու գտնվող խանութն ու հետ գալիս. ոչինչ ու ոչ ոք չէր խանգարում մշակված ծրագրից հետ մնալ: Ամեն անգամ բակի մոտով անցնելիս երանությամբ նայում էր մոտակա մանկապարտեզի փոքրիկներին, կանգնում, հիանում, մտովի տեղափոխվում «հեռու տեղեր»: Հոր ձեռքը բռնած՝ գալիս էր մանկապարտեզ, հետո՝ դպրոց: Հիշեց նույնիսկ, որ մի անգամ տնից փախել էր, որ չգնար մանկապարտեզ: Հարևանները տեսել էին`որտեղ է թաքնված: Կյանքում առաջին ու վերջին անգամ հորից ապտակ ստացավ: Երազում էր, որ մի օր էլ ինքն է որդու կամ դստեր ձեռքը բռնած անցնելու նույն ճանապարհով, աղջկա վարսերն ինքն է հարդարելու, իսկ տղային սովորեցնելու է հեծանիվ վարել, բայց… Ծերուկը ողջ կյանքի լռությունը հանեց ներսից, ձեռքը անհուսորեն թափ տվեց ու շարունակեց ճանապարհը:
Տնից դուրս գալիս ձայն էր տալիս կնոջը.
– Աշխե՜ն, ես գնացի, դիմացի՛ր, շուտ կգամ, – ասում էր ու հետևից փակում դուռը:
Ինչի՞ն դիմանար Աշխենը, ինչո՞ւ և ինչի՞ համար:
Ծերուկը գիտեր, որ Աշխենը չի պատասխանելու, բայց քսանամյա աղջկա նման սրտի թրթիռով սպասելու էր իրեն այնպես, ինչպես առաջին անգամ էր սպասում: Հիմա ուրիշ է. հասցնել վերջին անգամ սպասել:
Ամուսիններն իրարից բաժանվում էին օրվա մեջ մի քանի րոպե միայն, բայց այդ րոպեները մաստակի պես ձգվում–երկարում էին:
– Աշխե՜ն ջան, եկա, – մտնելով ներս՝ համարյա գոռում էր Հարութ պապը, — հիմա իմ ձեռքով նախաճաշ կպատրաստեմ:
Նա այնքան սեր ու ջերմություն էր դնում այդ մի կտոր հացի մեջ, այնքան հույս`բառերի մեջ, որ երեխայի պես հավատում էր, որ կինը պետք է ոտքի կանգնի ու նախկինի պես միասին գնան զբոսնելու Երևանի փողոցներով և մոռանան, որ աշխարհում ծերություն կա:
Մի կյանքը նրանց համար քիչ էր, որ իրենց գրքային սերը պատմեին աշխարհին: Նրանց միակ դատարկությունը, որն այդպես էլ չլցվեց, այն էր, որ երեխաների ոտնահետքեր չերևացին պլպլացող հատակին, բայց դա չխանգարեց միմյանց ցմրուր սիրելուն, նրանց միջև արանք չառաջացավ: Կյանքում քիչ է պատահում, որ ճիշտ ընտրություն է կատարվում: Նրանցն այդ հազվադեպն էր, եզակին, թանկն ու չճարվողը:
Աշխենը ամուսնու օգնությամբ մեծ դժվարությամբ խմեց թեյը: Թեյը տաք էր ու կամաց սահեց Աշխենի շրթունքներից: Ամուսինը, թաշկինակը ձեռքին, պատրաստ սպասում էր, որ սրբի կնոջ շուրթերը:
Աշխենն այսօր տարօրինակ ձևով շուռումուռ տվեց հայացքը:
– Հը, Աշխե՛ն ջան, ծաղիկնե՞րդ ես փնտրում: Չեմ մոռացել, բերել եմ կարմիր, սպիտակ վարդեր, խոհանոցում եմ դրել, հիմա գնամ, բերեմ:
Աշխենն ուրախացավ. կյանքի հազարերորդ ծաղկեփունջն էր: Ծերունին, որ ինքն էլ առանձնակի խնամքի կարիք ուներ, կամաց-կամաց հասավ խոհանոց, վերցրեց ծաղկեփունջն ու վերադարձավ:
– Հավանո՞ւմ ես, – հարցրեց կնոջը:
Աշխենը ժպտաց, աչքերը խաղացրեց ու նորից պառկեց:
– Աշխե՜ն, – ձեռքը բռնելով՝ ասաց Հարութ պապը, – լսո՞ւմ ես՝ կուկուն կանչում է, արի հաշվենք` քանի տարի ենք ապրելու: Հիշո՞ւմ ես՝ ջահել ժամանակ ինչքան էինք հավատում կկվին, բայց մի բան ասեմ. ես այդպես էլ չհամարձակվեցի հաշվել. վախենում էի հանդիպել այդ թվին:
Աշխենը դժվարությամբ բռնեց ամուսնու ձեռքը: Հարութ պապն առաջվա քնքշությամբ շոյեց կնոջ ձեռքն ու սեղմեց այտին, հետո մի արցունք լողալով անցավ նրանց ափերի արանքով, որ երկուսի փոխարեն էլ խոսեց: Ինչքան արցունքներ էին խոսել Աշխենի փոխարեն այս մի քանի տարիների ընթացքում: Ժամանակը նրանց կողքով հանգիստ չէր անցել.Աշխենը մի քանի տարի է, ինչ գամված է անկողնուն: Եվ այդ օրվանից մինչ օրս ծերունին առանց վարդերի տուն չի մտնում: Այդ վարդերի մեջ այնքա՜ն սեր էր ներարկված: Բակի երիտասարդներն ամաչում էին Հարութ պապից. նրանք չգիտեն կնոջը սիրել, մեծարել, փայփայել, բայց պետք է իմանալ: Ընտանիք չեն դառնում միայն վերցնելով, ընտանիք դառնում են՝ սեր, ջերմություն, հոգատարություն տալով: Իսկ Աշխենն ու Հարութը դարձել էին ընտանիք: Հարութ պապը նախաճաշից հետո գնում էր հարևան սենյակ, բերում կնոջ հարդարման պարագաները և կարմիր շրթներկով ներկում Աշխենի շուրթերը: Հետո նստում էր կնոջ կողքին ու մեկիկ-մեկիկ հավաքում ջահել օրերի հիշողությունները, դրանք ծրարում օրվա մեջ ու պահ տալիս ժամանակին: Այսպես ամեն օր մինչև, չէ՛, մինչև չկա, կա հիմա, կա այսօր, կա այս պահը…
Օֆելի Դալաքյան
Աղբյուր՝ Yerevanyanesquiz.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում