Սոնա Վան․ Մեկ աչքս փակ

Սոնա Վան․ Մեկ աչքս փակ

(կամ արդեն ուշ է նոր մասնագիտության համար)

Խնկարկվող ծխի մեջ
ցանկահարույց – մերկ կինը
սեղմվում է խողովակին
ու
պտտվում
ասես փորձում է մտնել
մետաղի մեջ
ինչպես էպիկական կինը
մեծ Մհերի
ե՛ս ինչո՞ւ ապրեցի սեղմիրանով
մեխերը կողերիս մեջ
յուղի այրուքներով – այդքան ցավոտ
նստեցի կամովին թաց մազերով
հեղձուցիչ տաք քամու տակ
դժոխային
ու
անկողին մտա հոգնած միշտ

փշոտ գանգրիչներով
էլեկտրական

ինչո՞ւ… ինչո՞ւ եղա ես
այդքան բազում
այդքան տարաբնույթ
ամեն անգամ
զվարթության Բաստետը1
ձեռքիս ծնծղա
ցիցփոր հղի կույսը սրտխառնոցով
ծիծաղելի լաքաները դեմքիս վրա
ազատության աստվածը իմ քաղաքի
կատուն ոտքերիս տակ անհոգ փռված
Մոխրոտը
Մարոն
Դեզդեմոնան…
(ես կին չեմ – կանա՛յք եմ ես – ի՞նչ աստղ
կկոչվեմ աստղաբույլ ես
և կամ ոչինչ)
աստվածուհին եղա հաջողության
նաև
կատվի մեծ գլխով – չմոռանամ
երբ մահանամ –
սափրեք ձեր հոնքերը
տղամարդիկ
ես փրկել եմ օձից –
Մուհամեդին

մինչդեռ կարող էի չէ՞ ես էլ
պտտվել սոսկ
պաղատող շուրթերի շուրջ
պարբերաբար
մինչև վերջ ետ ճկվել
անսպասելի
ցնցելով սահուն ձողը
ազդրերիս մեջ
ու
քարշ տալ մազերս խառնուցիր
սառը մարմարիոնով`
լույսերի տակ

ծովահենի նման – արդեն ուշ է –
ես շրջում եմ աշխարհը
մեկ աչքս փակ
թռցնելով ճանապարհին
ինչ պատահի
ամեն ափին թողած մի սեր
ծխամորճը սեղմած բռունցքիս մեջ
(մեռնող արեգակի գիտակցությամբ)
նայում եմ հորիզոնին ու մտածում
– ես չապրեցի դժվար այսքան
ու այսքան տաք
սոսկ մեկ թագի համար
կամ մեկ գահի
դուք ինձ հետ եք գալու
մինչև Պառնաս

չփորձեք լքել ինձ ճանապարհին

Հետևեք մեզ նաև Telegram-ում