«Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»
Նմանատիպ
Կյանքը հազարավոր մարտահրավերներ է նետում մարդուն, որոնց դեմ պայքարում մարդն ամեն կերպ փորձում է դիմակայել, ուժեղ լինել կամ գտնել ավելի ուժեղ աջակիցների՝ շատ հաճախ մոռանալով ամենագլխավոր Պահապանին և ուժի Աղբյուրին՝ Աստծուն: Վստահելով Աստծուն՝ մարդն աստվածային օգնություն է ստանում իրեն ծանոթ և անծանոթ, մտերիմ և ոչ մտերիմ մարդկանց կողմից անսպասելի հանգամանքների և իրադարձությունների միջոցով: Աստվածային աջակցությանն արժանանալու համար մարդ պետք է գիտակցի իր տկար լինելը, ինչը շատերը, սխալ ըմբռնելով, կարծում են, թե տկար լինել՝ նշանակում է ծույլ, անտարբեր, անզոր ու կամազուրկ լինել: Մարդն ուժեղ է Աստծով և Քրիստոսի անհաղթելի Մարմնով՝ Եկեղեցով, իսկ նա, ով իր հույսը միայն իր ուժի վրա է դնում, թույլ չի տալիս, որ Աստված գործի իր կյանքում: Աստվածային մեծագույն հրաշքը՝ Քրիստոսի հարությունը, հաջորդեց մարդկային մեծագույն տկարությանը՝ խաչելությանը: Անպատվաբեր համարվող մահապատժի այդ տեսակի միջոցով ի հայտ եկավ աստվածային ուժն ու փառքը՝ դառնալով աշխարհի փրկության պատճառը: Այսկերպ Քրիստոս ցույց տվեց աստվածային ամենակարող ուժի ներգործությունը, որ գործում է այն ժամանակ, երբ մարդկային հնարավորություններն ու ուժերը նվազում են: Քրիստոսի օրինակին հետևեցին Նրա առաքյալներն ու բոլոր քրիստոնյաները: Առաքյալները հիմնականում աղքատ, ոչ հայտնի և անուսում մարդիկ էին: Եվ հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր էր, որ այս պարզ մարդիկ հիմնովին շրջեին հունա-հռոմեական հզոր ու փառավոր աշխարհը՝ հպարտ իր հարստությամբ, իմաստությամբ, հազարամյակների մշակույթով և ռազմավարությամբ: Առաքյալներն ամենափոքր հնարավորությունն անգամ չունեին, բայց հաղթեցին և հիմնովին շրջեցին աշխարհը՝ իրենց հաղթանակով փոխելով համաշխարհային պատմության ընթացքը: Իսկ թե ինչպես դա նրանց հաջողվեց, պատասխանը պարզ է՝ նրանք դա արեցին ոչ իրենց, այլ աստվածային անսահման ուժի օգնությամբ, որ գործեց իրենց տկարության միջոցով: Քրիստոնեական հավատը խոստովանող անձինք Հռոմեական կայսրության մեջ հալածվում էին, ատելի էին և ընդունվում էին որպես անօրեն մարդիկ: Կայսրությունը բոլոր միջոցներով ջանում էր ոչնչացնել նրանց երկրի երեսից. նրանք հետապնդվում էին, բանտարկվում, չարչարանքների և մահապատժի ենթարկվում: Մարդկային տրամաբանության տեսակետից Քրիստոսի հետևորդները տկարության և անպատվության մեջ էին, այնինչ՝ այս տկարության մեջ էր գործում աստվածային մեծագույն ուժը: Քրիստոսի հետևորդները հաղթեցին՝ դառնալով աստվածային լույսի տարածողները: Մարդկային ուժով զորացած Հռոմեական կայսրությունը նրանց դեմ պայքարում պարտության մատնվեց, ընդունեց քրիստոնեական ճշմարտությունը և դարձավ քրիստոնյա պետություն: Աստվածային ուժը գործում է տկարության մեջ, բայց որպեսզի այն գործի, անհրաժեշտ է տկարության ժամանակ ևս պայքարել, ջանք թափել, քրիստոնեաբար ապրել: Քրիստոնյան չպետք է տրտնջա տկարություններից, քանի որ աղքատությունը, հիվանդությունն ու փորձությունը ճշմարիտ քրիստոնյայի համար աստվածային փրկարար ուժի աղբյուր են հանդիսանում: Իր տկարությամբ էր պարծենում Պողոս առաքյալը. «Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը» (Բ Կորնթ. 12:9): Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ Աստված ցանկանում է, որ մարդը խոնարհաբար ընդունի իր տկարությունները և ողջ սրտով Տիրոջ օգնությունը հայցի, Ով Դավիթ մարգարեի միջոցով ասել է. «Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15):
Մարդ չի կարող թաքնվել փորձություններից, քանի որ մարդկանցից ոչ ոք զերծ չէ փորձություններից: Կորնթացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը խոսում է այն հայտնության մասին, որին ինքն արժանացավ. «Հափշտակվեց մինչև դրախտ, կրկնում եմ՝ մարմնո՞վ, թե՞ հոգով, չգիտեմ. Աստվա՛ծ գիտի, և լսեց անպատմելի բաներ, որ մարդկանց թույլատրված չէ խոսել»: Զարմանահրաշ հայտնության մասին պատմելուց հետո Պողոս առաքյալն ասում է. «Մյուս կողմից, որպեսզի իմ ունեցած բացառիկ հայտնություններով չհպարտանամ, Աստված փշի նման ծակող մի ցավ տվեց մարմնիս, որ ասես սատանայի ներկայացուցիչը լիներ մարմնիս մեջ, որպեսզի դրանով զգաստացնի ինձ, և ես չհպարտանամ»: Այդ հիվանդությունից ազատվելու համար Պողոս առաքյալն երեք անգամ աղոթեց Աստծուն, բայց Տիրոջից հետևյալ պատասխանը լսեց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև Իմ զորությունը ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ» (Բ Կորնթ. 12:4-9): Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ եթե մարդը ողջ տիեզերքը նվեր ստանա, ապա դա շատ փոքր կհամարվի աստվածային շնորհների համեմատությամբ: Տերն Իր առաքյալներին հեռու չպահեց փորձություններից, որոնք հաղթահարելով, նրանք արժանացան աստվածային շնորհների: Ս. Կիպրիանոս Կարթագենացին ասել է, որ Պողոս առաքյալը նավաբեկությունից, խարազանումից և բազմաթիվ տանջանքներից հետո երբեք չհուսահատվեց. «Տարբերությունը մեր և Աստծուն չճանաչող մարդկանց միջև այն է, որ վերջիններս փորձության ժամանակ դժգոհում են և տրտնջում, իսկ փորձությունը քրիստոնյային չի տկարացնում, չի հեռվացնում ճշմարիտ հավատից, այլ հակառակը՝ ամրացնում է»:
Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն էլ նշում է, որ երբ Պողոս առաքյալն իր խնդրանքին ի պատասխան լսեց Տիրոջ հետևյալ խոսքերը, թե՝ Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ (Բ Կորնթ. 12:9), չհուսահատվեց, այլ ուրախացավ և ասաց. «Դրա համար էլ ես գոհ եմ իմ տկարությունների և Քրիստոսի համար իմ կրած նախատինքների, հալածանքների և դժվարությունների համար, որովհետև երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. 12:10): Պողոս առաքյալն իր անձնական փորձառությամբ էր հաստատում՝ երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր (Բ Կորնթ. 12:10) խոսքերը, որոնք իրենց մեջ հակասություն չունեն, քանի որ Սուրբ Գրքում ոչ մի հակասություն չկա: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ Պողոս առաքյալի այս խոսքերը նպատակ ունեին քաջալերելու կորնթացիներին, որպեսզի նրանք չամաչեին առաքյալի տանջանքներից, քանի որ նման տանջանքներին համբերելը փառավորում է մարդուն: Պողոս առաքյալը, այս ամենը կապելով Քրիստոսի խաչելության հետ, ասել է. «Թեև իբրև մարդ՝ տկարությամբ խաչվեց, բայց կենդանի է Աստծո զորությամբ: Մենք էլ, թեև Նրա օրինակով տկարանում ենք, բայց Նրա օրինակով մենք էլ պիտի կենդանանաք Աստծո զորությամբ՝ ձեզ ծառայելու համար» (Բ Կորնթ. 13:4), նաև՝ «Որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան ավելի մեծ կլինի Նրա օգնությունն ու մխիթարությունը» (Բ Կորնթ. 1:5): Սուրբը փորձության հետ կապված ասել է, որ որտեղ փորձություն է, այնտեղ մխիթարություն է, որտեղ մխիթարություն է, այնտեղ՝ օրհնությունը. «Երբ Պողոս առաքյալը նավաբեկության ենթարկվեց և բարբարոսական երկիր տարվեց, այդ ժամանակ առավել փառավորվեց: Երբ շղթայված մտավ դատարան, հաղթեց դատավորին: Այդպես է եղել և Հին Կտակարանում, փորձությունների մեջ էին ծաղկում արդարները: Այդպիսիք էին Դանիելը, Մովսեսը և Հովսեփը. նրանք, փորձությունները հաղթահարելով, փառքի ու մեծագույն պսակների արժանացան: Այն ժամանակ է հոգին մաքրվում, երբ հանուն Աստծու համբերում է փորձությունների, քանի որ փորձությունը ոչնչացնում է ամբարտավանությունը, հատում է ամեն անտարբերություն ու մոլություն, բացահայտում է մարդկային գործերի ունայն լինելը և կյանքը դարձնում է ավելի իմաստալից: Իսկ երբ համբերությամբ կրում ենք հալածանքները, այդ ժամանակ ավելի խելամիտ ենք, բարեկիրթ և նախանձախնդիր՝ Աստծու խոսքի կատարմանը: Ինչպես կրակն է ոսկու համար, այնպես էլ փորձությունը՝ հոգու, այն մաքրում է այնտեղից ամեն անմաքուր բան, դարձնում է ավելի մաքուր, պայծառ ու լուսավոր: Փորձությունը մարդուն տանում է դեպի Արքայություն, այդ պատճառով դեպի Արքայություն տանող ուղին նեղ է, իսկ դեպի կործանում տանող ուղին՝ լայն, և Քրիստոս այդ ճանապարհին, քաջալերելով Իր հետևորդներին, ասում է. «Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որվհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33)»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում