«Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի»-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը (ֆոտո)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «Գալաքսի» ընկերությունների խումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն իրենց ջանքերը՝ դասական երաժշտությունը առավել հասանելի դարձնելու համար։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատեւ համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։
Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաեւ առաջին համատեղ՝ «Մարդիկ եւ սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների ավելի քան 3000 աշխատակիցներին։ Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալ՝ այցելելու ընտանիքի անդամների, ընկերների ու սիրելիների հետ։
«Գալաքսին» համախմբում է շուրջ 3000 տաղանդավոր մարդ, ովքեր ամեն օր ստեղծում են արժեքներ: Յուրաքանչյուր մարդ իր յուրովի ներդրումն ունի ընդհանուր գործի մեջ, որը մեզ համար շատ արժեքավոր է: Մեզ համար կարեւոր է ոչ միայն այն, թե մարդիկ ինչպես են աշխատում, այլեւ նաեւ, թե ինչպես են կարողանում կազմակերպել իրենց հանգիստը», – նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։
Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով։ Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»։ Նախագծի հեղինակները լիահույս են, որ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձեւավորմանը եւ օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար եւս։
Հավելենք, որ համագործակցության արդյունքում «Գալաքսին» եւ Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե համայնքին, եւ թե լայն հանրությանը։
«Այս համագործակցության մեկնակը անչափ կարեւոր է նաեւ նվագախմբի համար, քանզի մեծ է ցանկությունը ձեզ հասցնել մեր ասելիքը: Հայտնի է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը չի ճանաչում սահմաններ եւ կարող է հասնել բոլորի սրտերին՝ անկախ ամեն ինչից: Հույսով ենք, որ ունկնդրելով դասական երաժշտություն նոր մոտիվացիաներ եւ նոր մտքեր, էմոցիաներ կառաջանան ձեզ մոտ», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ծրագրերի ղեկավար Աննա Գեւորգյանը։
Փետրվարի 25-ից մինչեւ հուլիսի 16-ը 12 համերգ է նախատեսված եւ յուրաքանչյուր համերգին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակիցների ներկայությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ հանդիսանալով ստեղծարար արվեստի մշտական աջակից, հավատացած է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ համագործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ են տալու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում