Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո՝ ուրբաթ երեկոյան հիվանդանոցից տուն է գնացել, մեկ օր անց կրկին տեղափոխվել հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
«Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Տևական ժամանակ, ստացիոնար բուժում ստանալուց հետո, վիճակը ոչ միայն չի կայունանում, այլև նոր հիվանդություններ են ավելանում: Ինչպես փաստում են իրեն բուժող բժիշկները՝ այս պահին երկրորդային հիվանդություններն ավելի մեծ վտանգ են սպառնում, քան բուն հիվանդությունները՝ շաքարային դիաբետն ու թոքի քաղցկեղը»,- մանրամասնեց փաստաբանը՝ նշելով նաև, թե վիճակն այնքան վատ է եղել, որ անգամ «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել:
Հիշեցնենք, որ factor.am կայքին Գրիգորյանի առողջության վերաբերյալ պատասխանել էր «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին և հայտնել. «Մանվել Գրիգորյանը գրավոր հրաժարվեց բժշկական ծառայություններից, մենք իրեն բացատրեցինք հնարավոր բոլոր բարդությունները։ Ինքը գնաց տուն և մեր նախազգուշացումներն իրականացան, քանի որ շատ վատացած վիճակում հետ եկավ, ընդունվեց վերակենդանացման բաժանմունք։ Մեկ օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեց պալատ, հիմա վիճակը կայուն է»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում