«Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում
Նմանատիպ
«2020-ը նահանջ տարի է, նահանջ տարիներին լինում են իրադարձություններ, որ մարդկությունը երկար ուզում է մոռանալ: 2020-ի չարաբաստիկ խորհրդանիշը դառնում է կորոնավիրուսը: Մինչ Չինաստանը փորձում է ճգնաժամից դուրս գալ՝ առողջացածների թիվը մահերի թվին գերազանցում է, վարակը տարածվում է աշխարհում:
Առայժմ երկրորդ տեղում Հարավային Կորեան է, հաջորդող երկրներում պատկերը արագ է փոփոխվում՝ արդեն 48 երկիր: Ֆրանսիան ու Վիետնամը հայտարարել են, որ բոլոր վարակակիրներն ապաքինվել են: Դա լավատեսական միակ տեղեկությունն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի: Չի բացառվում, որ չկայանա նաև 2020-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:
Կորոնավիրուսը հասել է Վրաստան ու Ադրբեջան: Հայաստանը դեռ, փա՜ռք Աստծո, կանաչ գոտում է: Առողջապահության նախարարությունը հավաստում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են՝ թե կազմակերպչական, թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և ախտորոշման առումով Հայաստանը որևէ խնդիր չունի: Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում կան:
Լավ, ասենք, ախտորոշեցին ու պարզվեց՝ կորոնավիրուսը կա, հետո՞: Բուժման որևէ միջոց Հայաստանում կա՞: Եթե այո, ինչո՞ւ նախարարությունը ոչինչ չի ասում բուժմանը պատրաստ լինելու մասին: Իրանի հետ կիսափակված սահմանը երաշխիք չէ, որ կորոնավիրուսը Հայաստան չի մտնի: Նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել էր. «Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»։
Ի՞նչն է խանգարում, որ ռիսկի գոտում հայտնվածներին ոչ թե տուն ուղարկեն ու հեռախոսով զանգեն ջերմության ու ինքնազգացողության մասին հարցնեն, այլ, ինչպես բոլոր մյուս երկրներում, նրանց առանձնացնեն 14-21 օր՝ մինչև համոզվեն, որ առողջ են: Վարակը 14-21 օր կարող է որևէ կերպ չարտահայտվել, բայց վարակակիրը, ինքն էլ չիմանալով, վտանգում է իր շրջապատում հայտնված մարդկանց: Ինչու՞ է ՀՀ կառավարությունը այդքան թեթևամիտ վերաբերվում վարակին, մի՞թե Հայաստանի հպարտ քաղաքացիները առանձնահատուկ իմունիտետ ունեն, ու դա գիտի միայն ՀՀ հպարտ նախարարը:
Ինչո՞ւ են հնարավոր վարակակիրներին առանձնացնում Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, պարա՞պ են մնացել: Սա խուճապի կոչ չէ, լոկ տրամաբանական հարց է՝ խնդիրը ֆինանսնե՞րն են, կազմակերպակա՞ն են, թե՞ կա այլ պատճառ: ՈՒ ո՞րն է պատճառը, որ Արսեն Թորոսյանը անխոցելի է համարում հայերիս ու Հայաստանը: Բժիշկներից բացի՝ ամենավտանգավոր գոտում «Զվարթնոցի» աշխատակիցներն են, որ նույնիսկ դիմակներ չեն կրում՝ անընդհատ շփվելով աշխարհի տարբեր երկրներից եկածների հետ: Չի՞ կարելի կանխարգելիչ նկատառումներով առժամանակ դադարեցնել դասերը դպրոցներում ու բուհերում:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դա չգիտի՞։ Գիտի, բայց վստահ է՝ «Եթե վիրուսը հայտնաբերվի ՀՀ տարածքում, մենք ունենք ամբողջական գործիքակազմ, որ պայքարենք վիրուսի հետ մեր տարածքում»: Հա՞, որ…»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում