Արտագաղթող Գեղարքունիքը
Նմանատիպ
Քարվաճառում բնակվելու արդյունքում վերջերս հաճախ եմ շփվում Վարդենիսի բնակիչների հետ, քանի որ Քարվաճառից Երեւան հասնելու համար օգտագործում եմ Վարդենիս-Երեւան երթուղին:
Վերջին անգամ Վարդենիսից Երեւան եւ Երեւանից Վարդենիս գնալիս երթուղայինում ակամայից ունկնդիրը դարձա տարբեր մարդկանց խոսակցություններին: Եթե դրանք միայն կենցաղային կամ անձնական բնույթի լինեին, բնականաբար, ես դրանց այժմ չէի անդրադառնա: Սակայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Մարտունի քաղաքի մի քանի բնակիչների խոսակցությունները վերաբերում էին արտագաղթին:
Վարդենիս-Երեւան երթուղայինում անմիջապես մեր հետեւի նստարանին նստած էին երկու երիտասարդ աղջիկներ, որոնցից մեկն ամբողջ ճանապարհին պատմում էր, թե «ոնց ա Ռուսաստանում ապրող տղու հետ մի շաբաթ առաջ պատահական նշանվել ու երկու օրից ինքն էլ ա գնում Ռուսաստան. հիմա էլ Երեւան է գնում թղթերը դասավորելու»: Պարզվեց, որ աղջկա քույրն էլ արդեն չորս-հինգ տարի է’ Ռուսաստանում է, երկու երեխա ունի: Իսկ կարոտի մասին աղջիկն առանձնապես չէր անհանգստանում. «սկայպ կա, երբ կուզեմ, կզանգեմ, մերոնց հետ կխոսեմ»: Մյուս աղջիկը քաջալերում էր նրա’ «ստեղից գնալու» որոշումը եւ ասում, որ «իրենք էլ են ուզում գնան»: Ռուսաստան գնացող աղջիկը պատմեց, որ վարսավիր է, Վարդենիսում աշխատանք ունի, նորմալ ապրում էր, սակայն այն մասին, թե ինչու է գնում Ռուսաստան, որոշակի ոչինչ չասաց: Միգուցե չի էլ մտածել այդ մասին…
Աղջիկների հետ կապ չունեցող մեկ ուրիշ երիտասարդ տղա նույն երթուղայինում պատասխանելով հեռախոսազանգին’ ասաց, որ գնում է Երեւան’ «Ռուսաստանի տոմսի համար»…
Քարվաճառ վերադառնալիս Երեւան-Վարդենիս երթուղայինում կրկին մեր հետեւի նստարանին երկու երիտասարդ կանայք էին, ովքեր հիմնականում Ռուսաստանում էին ապրում: Քննարկելով հայրենիքում չապրելու դրական ու բացասական կողմերը’վերջում եզրակացրին, որ «դե ստեղ ապագա չկա, անելու բան չկա, էրեխեքի համար պետք ա գնալ»…նրանցից մեկի փոքր տղան արդեն հայտարարել է, որ «ինքը ռուս ա, հայ չի, չի ուզում Հայաստանում ապրի»…
Խոսքիս մեջ մեղադրանք չկա, ես չեմ մեղադրում, ամեն դեպք սուբյեկտիվ է: Պարզապես սրանք հարցեր են, որոնք ամեն օր, ամեն ժամ, ամեն պահի առերեսվում են ու պատասխաններ են պահանջում: Ես համոզված եմ, արտագաղթող հայերի մի մեծ մասը կցանկանար ապրել հայրենիքում, արտերկրում ապրելը հաստատ հեշտ չի: Անհայրենիք, արմատից կտրված ապրելը հաստատ հեշտ չի, եւ նույն Վարդենիսում, Մարտունիում, Վանաձորում, Գյումրիում, Դսեղում ու Գորիսում, Ստեփանակերտում ու Քարվաճառում, ամբողջ Հայաստանում հաստատ շատ են մարդիկ, ովքեր ամուր կպած են Մայր Հողին ու հայրենիքում էլ գտնում են ապրելու կերպը…
Հ.Գ. Վարդենիսից Քարվաճառ հասարակական տրանսպորտով չհասանք, այլ բեռնատարով. ազատագրված հողում մեր ապագա տան համար շինանյութ բերեցինք:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում