Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանում չորս պատգամավորի մոտ Сovid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է eadaily.com կայքը` հղում տալով Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլիի հայտարարությանը:
Նրա խոսքով` ավելի վաղ Сovid-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել երկու պատգամավորի մոտ, ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել խորհրդարանի 30 պատգամավոր:
Վաքիլին մահացու վիրուսով վարակված պատգամավորների անունները չի նշել:
«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է նա:
Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին նույնպես վարակվել է կորոնավիրուսով:
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Իրանի` կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումեհ Էբթեքարի մոտ:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում