Երջանիկ համադրության մոհիկանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am։ «Սուրեն Սաֆարյանի ցուցահանդեսում տարբեր մարդիկ տարբեր գործերի կտան նախապատվությունը, տարբեր հետևությունների կհանգեն։ Բայց վստահ եմ, դրանով հանդերձ, միահամուռ կլինի այն համոզումը, որ այս ցուցահանդեսը չէր լինի, եթե չլիներ Սաֆարյանի սրտագին նվիրվածությունը կերպարվեստին»։
Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԿԱՐԻՉԸ
Նա Երկիր Նաիրին էր նկարում։ Երկիր, որ 20-րդ դարում արյունաքամված և անդամահատված, այնուամենայնիվ, հառնել էր և կայուն պետականություն ստեղծել, թեկուզ և Խորհրդային կայսրության կազմում։ Նա նկարիչ էր Ամենակալի օրհնությամբ։ Նա գործիչ էր մտքով և սրտով։
Նախ մեր արվեստասեր ընթերցողներին «մոտիկից» ծանոթացնենք գեղանկարիչՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ։ Եվ ծանոթացնենք՝ ապավինելով վաստակաշատ արվեստաբան Վահան Հարությունյանի բեղմնավոր գրչին։
«Զուտ տպավորվե՞լն է պատճառը, թե՞ բոլոր բույրերն ըմբոշխնելու, ոչ մի հաճույքից անմասն չմնալու մարդկային ագահությունը (գուցե թե այս, թե այն, կամ որևէ այլ պատճառ), բայց փաստը մնում է փաստ, որ Սաֆարյանն արվեստում իրեն դրսևորել է բազմաժանր։ Նրա հետաքրքրություններում ու ձեռնարկումներում տեղ են գտել ինչպես երփնագիրը, այնպես էլ գրաֆիկան, երփնագրում` այդ բնագավառի գրեթե բոլոր ժանրերը, կատարողական տարբեր-տարբեր եղանակներ, վրձնագծերի կողքին` հյութեղ վրձնումներ, էտյուդայնության կողքին` ավարտվածություն, գունաշարում` մենաթույրին (գրիզայլ) հարևանող զսպվածությունից ու «մարած» տոներից մինչև հնչեղ ու գունառատ լուծումներ։
Առավել խուռներամը նրա ընդգրկումն է թեմատիկ պատկերներում, որոնցում նա մե՛րթ մխրճվել է դարերի խորքը և հասել մինչև Մաշտոց և Արգիշտի, մե՛րթ պատկերել մոտիկ անցյալը, մե՛րթ ներկան, իսկ երբեմն դիմել է անժամանակ ռեալականությունների»։ Հիմնավո՞ր է վերոնշյալ բնութագրումը, իհարկե։
Սուրեն Սաֆարյանը (1923-1988) հայ կերպարվեստի ասպարեզ մտավ և ներգրավվեց տաղանդավոր վարպետներ Գրիգոր Խանջյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Եփրեմ Սավայանի, Էդուարդ Իսաբեկյանի, Արփենիկ Նալբանդյանի, Ռուբեն Շահվերդյանի, Անատոլի Պապյանի և մյուսների հետ, արդեն հետպատերազմական տարիներին։ Բարդ, բայց բազմաժանր մի սերունդ էր ստեղծագործում, որի թիկունքում համաշխարհային կերպարվեստի երկու հսկաներ էին լեռնացած` Սարյանն ու Քոչարը, որոնք ոչ թե ստվերում, այլ լուսավորում էին երիտասարդ ստեղծագործողների ոչ այնքան դյուրին ուղին։ Սաֆարյանը համարձակ ընթացավ այդ ուղիով, և նրա արվեստում քնարական տրամադրություններին հաջորդում են դյուցազներգության շնչով պարուրված որմնապատկերները։
Ահա «Հեղափոխության երգիչը» կտավը (1977), որ ձոն է Եղիշե Չարենցին։ Առջևի պլանում բանաստեղծն է, հայացքում՝ խոր տագնապ կա և գալիք արհավիրքի ահազանգ։ Նաև` ճակատագրի նախանշած վայրիվերումներին արիաբար դիմագրավելու կամք։ Չարենցը պատրաստ է իր Գողգոթային։ Նրա թիկունքում պայքարի հորձանուտում հայտնված հայ այրերն են, կարմիր դրոշն են ծածանում, հրացանը պարպած, սակայն նրանք սեփական պայքարի անսասան ճշմարտության մեջ անվարան հավատացյալ են։ Չարենցից աջ և ձախ Երկիր Նաիրիի զավակներն են, հավանաբար մեկը պոետ, մյուսը՝ հոգևորական, երրորդը՝ ռանչպար, չորրորդը` հեղափոխական գործիչ։ Բայց բոլորն էլ՝ Սարդարապատի հերոսամարտի զինվորներ։
Նա չէր կարող անտեսել պատերազմի թեման։ Վկա՝ «Ազատարարները» (1960) կտավը։ Հայ զինվորը գեհենից դուրս է բերում մանուկներին։ Գույները թանձր են, վրձնահարվածները՝ հյութեղ ու ամբողջական։ Գուցե ազատարար զինվորի կերպարում հենց ինքն է, Մեծ հայրենականի մասնակիցը, որը 1942-ին, 19 տարեկանում մեկնեց ռազմաճակատ և զորացրվեց 1946-ին։
Ահա «Ցլամարտ» կտավը (1975)։ Ըստ իս, նա և՛ ցլին, և՛ ցլամարտիկին համահավասարեցրել է որպես անհեթեթ բարքերի զոհերի։
ԳՈՐԾԻՉԸ
Սուրեն Սաֆարյանը Հայաստանի նկարիչների միության 6-րդ նախագահն էր։ Ղեկավարել է միությունը 1969-1982 թվականներին։ Եվ միակն է, որը ջերմ ու բարի անթիվ հիշողություններ է թողել միության բոլոր անդամների սրտում և մտքում։ Նրա ղեկավարման տարիներին բազում նկարիչներ ստացան արվեստանոց և բնակարան։ Վարչարարությունն անտեսված էր լիովին։ Պետք է նշել, որ տիար Սուրենը հիանալի ժողովրդավար վարչարար էր, ընտրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ՍՍՀՄ նկարիչների միության անդամ և քարտուղար։ Ժամանակը ըստ արժանվույն գնահատեց նրան. 1972-ին արժանացավ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1977-ին` Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարչի կոչման։ Սակայն գլխավոր կոչումը համընդհանուր սերն ու հարգանքն էր նրա նկատմամբ թե Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, թե՛ հանրապետության ղեկավար ատյաններում, թե՛ (ամենակարևորը) կերպարվեստագետների շրջանում։
Նրան ահա թե ինչպես է հիշում գեղանկարիչ Կարեն Գասպարյանը. «Սովորում էի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Երբ գումարի կարիք կար, դիմում էինք գրում նկարիչների միության նախագահին և ստանում էինք ստեղծագործական օգնություն` 300 ռուբլի։ Ես միության անդամ չէի, սակայն ՀՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանն արտակարգ բարի և կամեցող մարդ էր և առիթը բաց չէր թողնում սատարելու նկարիչներին։ Ռեստորանի դահլիճում էինք, երբ ներս մտավ Սուրեն Սաֆարյանը։ Հրավիրեցինք մեր սեղան, նայեց և ասաց՝ էդ իմ փողով ինձ լավությու՞ն եք անում, հիմա ես ձեզ պատիվ կտամ։ Բայց, իհարկե, մոտեցավ և մի բաժակ կոնյակ խմեց մեզ հետ»։
Նա որքան որ շնորհաշատ ստեղծագործող էր, որքան որ գիտակ և նվիրյալ գործիչ ու ղեկավար էր, նույնքան էլ առանձնահատուկ մի ստեղծագործություն էր։ Ղեկավարել նկարիչներին չափազանց բարդ, երբեմն անշնորհակալ գործ է։ Քանի որ յուրաքանչյուր նկարիչ ինքնին մի առանձին աշխարհ է, իր ալեկոծուն երեկոներով և խաղարար լուսաբացներով։ Նաև, իհարկե, զարմանալի հավակնություններով։ Սուրեն Սաֆարյանն օժտված էր աննախադեպ մի տաղանդով` ստեղծագործական անմնացորդ բարյացակամությամբ։ Ի դեպ, նա վերջինը միությունում դարձավ ստեղծագործական արվեստանոցի տեր. եզակի իրողություն նկարիչների միության կյանքում։ Ի տարբերություն շատ ղեկավարների, նրա առանձնասենյակի դուռը բաց էր բոլորի առաջ։ ՈՒ տարիների հեռվից զարմանում և հիանում եմ, թե այս պատվական այրն ինչպես է կարողացել ամենուր մնալ իր ուխտի զինվորը, շարունակ կառուցելով և նվիրաբերելով։ Դիրք, հեղինակություն, իշխանական բարեհաճություն և վարչական քմահաճություն ասված բաները նրանից օտարված էին։ Նա միաժամանակ նուրբ դիվանագետ էր և գտնում էր ելքն անգամ ամենախրթին իրավիճակներում։ Գտնում էր միակ ելքը, որը տանում էր դեպի տաճար։
ԻՆՔՆԱՆԿԱՐ
1979-ին նա ինքնանկար է պատկերել։ Ինքնանկար, որում արտահայտված է նկարչի և գործչի էությունը։ Չնայած պետք է խոստովանել, որ ինքնանկարում նա այնքան էլ բարեհաճ չէ սեփական անձի հանդեպ։ Հայացքը ինչ-որ չափով խստակյաց է։ Սակայն գուցե նա ինքնանկարվել է կյանքի մի բարդ փուլում։ Մի բան, որ անխուսափելի է առհասարակ բոլոր նվիրյալ գործիչների համար։
1971-ին վրձնում է «Դոն Քիշոտ» նկարը։ Վեհանձնության և մարդկայնության մարմնացում ասպետն ամայի և քարածածկ սարահարթն է հաղթահարում։ Աջ ձեռքը վեր է պարզած, ձախում նիզակն է, թիկունքում անբաժան ուղեկից-զինվորը` Սանչոն։ Վերևում ամպակույտեր են, ներքևում՝ լեռնազանգվածները։ Ասպետը «հաղթանակել» է հերթական մի ճակատամարտում և ընթանում է դեպի երկրորդ ազատարար, թեկուզ և ահեղ դիմակայությունը։ Նկարիչը հավատում է Դոն Քիշոտի հաղթանակին, զի նա ի վերջո հաղթում է բոլորին և ամենուր, քանի որ արդարության և վեհության ասպետն է։ Կտավում գույները կարծես թե պայծառ չեն, բայց կենսականորեն լուսավոր են։ Երկինքը բարձր է, կապույտ է և խորհրդանշում է հավանաբար բարու մշտական պայքարը և հաղթանակը չարի նկատմամբ։ Թեկուզ և կիսացնորված ասպետի կերպարում։
ՎԵՐՋԱԲԱՆ
Սուրեն Սաֆարյանը, անվերապահորեն, «Կերպարվեստի Երուսաղեմ երկիր» Հայաստանի արժանավոր բնակիչն է և այգեպանը։ Զի ողջ կյանքում նա Երկիր Նաիրի է նկարել։ Եվ ապրել է այդ երկրի կյանքով։
Եվ մի՞թե ժամանակը չէ մայրաքաղաքում և երկրում որմնանկարելու նրա ստեղծագործությունները։ Ի մասնավորի` «Ինքնանկարը»։
Ժամանակն է, կասկած չկա։ Կա համոզում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում