Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում
Նմանատիպ
Պատկերագրության մեջ Մովսես մարգարեն սովորաբար պատկերվում է պատրիարքի կերպարով՝ սպիտակամորուս և քամուց ալիքվող մազերով, սակայն երբեմն նա հանդես է գալիս որպես երիտասարդ և անմորուս պատանի: Նրա դեմքը լուսավորված է, որը սովորաբար պատկերվում է լույսի ճառագայթներով կամ երկու եղջյուրներով: Վաղ միջնադարյան և Վերածննդի նկարիչները նրան պատկերում էին եղջյուրներով: Հրեաներն ասում են, թե երբ Մովսեսը իջնում էր Սինա լեռից՝ բերելով օրենքի տախտակները, լուսեղեն երկու եղջյուր էր երևում ճակատին, այսինքն՝ բերած օրենքը խոյահարող և ծառայեցնող էր: Մովսեսի մյուս խորհրդանիշներից են համարվում գավազանը և օրենքի տախտակները՝ երբեմն վրան գրված 10 պատվիրանները:
Հովհաննես Արքաեղբոր պատվերով Կիլիկիայում ընդօրինակված Աստվածաշնչերում (XIII դ.) և նույն դարում ընդօրինակված Երզնկայի Աստվածաշնչում Հին կտակարանի պատկերագրությունն սկսվում է ոչ թե Ծննդոց գրքի բովանդակությանը համապատասխան նկարներով՝ արարչագործության տեսարաններով, այլ Մովսես մարգարեի դիմապատկերով, որտեղ վերջինս ներկայացված է որպես Ծննդոց գրքի հեղինակ և անվանաթերթերի վրա նա պատկերված է այն գրելիս:
IV դ. հատկապես բուն Հայաստանում ստեղծված Աստվածաշնչերի Ծննդոց գրքում տեսնում ենք պատկերագրական նոր հորինվածքներ: Օրինակ՝ Գլաձորի մանրանկարիչ Թորոս Տարոնացին իր ընդօրինակած Աստվածաշնչերից մեկում Մովսեսի պատկերի հետ մեկտեղ նկարել է Ադամին ու Եվային իմացության ծառի մոտ: Նման պատկերներ առկա են նաև XIV դ. կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի գործերում և նույն դարի Վասպուրականի մանրանկարիչ Զաքարիա Աղթամարցու ընդօրինակած Ճաշոցի լուսանցազարդերից մեկում:
1317թ. Աստվածաշնչում ամբողջ մի էջ է զբաղեցնում Մովսես մարգարեի պատկերը: Ներքևում, պատկերի ոտքերի մոտ, կա մակագրություն՝ «Մովսէս ա[ստու]ածայխօս մարգ[ա]րէն», որը, ամենայն հավանականությամբ, ուշ շրջանի գործ է: Մովսեսը ներկայացված է կանգնած, ձախ ձեռքում կա բացված մագաղաթ, իսկ աջը բարձրացված է վեր՝ երկնքի հատվածից երևացող Աջի կողմը: Մանրանկարը հետաքրքրական է իր յուրահատկությամբ և հիշեցնում է որմնանկար:
Անձամբ տեսած չլինելով 1317թ. Աստվածաշունչը՝ արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանը հենվում է Մուրիեի հետազոտության վրա: Մուրիեն այդ ձեռագիրը մանրամասնորեն նկարագրել է և Մովսես մարգարեի մանրանկարը վերագրում է Թորոս Տարոնացուն: Գարեգին արք. Հովսեփյանը, լավ ծանոթ լինելով ինչպես այդ ձեռագրին, նույնպես և ընդհանուր առմամբ մանրանկարիչ Թորոս Տարոնացու աշխատելաոճին, ինչ որ պատճառով լռում է, ոչինչ չի ասում այդ մանրանկարի մասին: Ա. Ավետիսյանի կարծիքով, Մովսես մարգարեի պատկերը Թորոս Տարոնացու վրձնի արդյունքը չէ: Եթե համեմատենք այդ մանրանկարի ոճը, Թորոս Տարոնացու այլ ձեռագրերի մարդկային կերպարանքների պատկերման հետ, մասնավորապես Հովհաննես ավետարանչի պատկերի հետ, ապա դժվար չի լինի համոզվել դրանում: Որպես Թորոս Տարոնացու վրձնին ոչ հատուկ տարբերություն Մովսես մարգարեի պատկերում աչքի է զարնում գլխի մազերի սանրվածքի հաջորդական եղանակը՝ գանգուր մազերը և, որ հիմնականն է, գծային խիստ ռիթմիկությունը՝ հագուստի ծալքերի պատկերման մեջ: Այնուհետև, կարելի է ցույց տալ նաև այլ տարբերվող մանրամասնություններ, ինչպես, օրինակ, հոնքերի, քթի ձևերի հաղորդումը, ոտքերի գծագրերը, երկնքի հատված-խորհրդանիշը: Կարելի է հենվել նաև մի էական տարբերության վրա, դա գույների օգտագործման հարցն է: Մովսես մարգարեի պատկերում ներկերը խամրած են, ոսկի չի օգտագործված: Ոսկին փոխարինված է դեղին ներկի հաստ շերտով (օրինակ՝ լուսապսակի մեջ), մինչդեռ, ինչպես հայտնի է, Թորոս Տարոնացու մանրանկարներում ոսկին առատորեն օգտագործվել է:
Համաշխարհային արվեստում Մովսեսի և Քրիստոսի կյանքի միջև շատ զուգահեռներ էին անցկացվում. օրինակ՝ Միքելանջելոյի Սիքստինյան կապելլայի որմնանկարները: Մովսեսի և Քրիստոսի կյանքի տեսարանները այստեղ ներկայացված են դեմ հանդիման, որպես Հին և Նոր կտակարանների զուգահեռ կերպարներ: Hortus delicarum ձեռագրում Հին և Նոր կտակարանների օրենքների միասնությունը պատկերվում է մի երկգլխանի կերպարի միջոցով, որը կիսով գավաթը ձեռքին Քրիստոսն է, կիսով՝ Մովսեսը: Պրադոյում գտնվող 15-րդ դարի մի ձեռագիր ներկայացնում է Մովսեսի կերպարը՝ որպես Սինագոգի կերպար:
Մովսեսի կյանքի դրվագներից մեկում նա պատկերվում է գետի հոսանքով իր զամբյուղով լողալիս, որը հյուսիսային նկարիչների մոտ պատկերվում է հարթ ձիթենուց զամբյուղում կամ փրկվելուց հետո շրջապատված եգիպտացի կանանցով, որոնք գորովալից նրան են նայում: Վերածննդի նկարիչները, հատկապես վենետիկցիները, պատկերում են հաճախ իրենց ժամանակակից պալատականների և ազնվական պաժերի՝ իրենց ուղեկից շների հետ:
Այրվող մորենու առջև Մովսեսը պատկերվում է ծնկաչոք կամ կոշիկները հանելիս: Այրվող, սակայն չմոխրացող մորենին եղել է Ս. Մարիամ Աստվածածնի խորհրդանիշը, որը ծնել էր Քրիստոսին, սակայն չէր կորցրել իր անմեղությունը: Գոյություն ունի պատկերման որոշակի տիպ, որը ծագմամբ բյուզանդական է. ներկայացնում է Աստվածածնին գահին՝ կրակի բոցերի մեջ: Նոր կտակարանում համեմատվում է Ավետման տեսարանի հետ:
Մանանայի մասին ասվում էր, որ այն գետնին է թափվում ինչպես ցողը, իսրայելացիները երբեմն պատկերվում են բարձր բռնած զամբյուղներով, որոնցով լցնում են երկնքից թափվող մանանան: Պատկերման մյուս տիպը. նրանք այն հողից են հավաքում տարբեր տարաների մեջ:
Ծերունիները, որոնք ուղեկցում էին Մովսեսին, ժայռի մոտ պատկերվում են երբեմն երկինք կարկառած ձեռքերի շնորհակալական դիրքով, իսկ ժողովուրդը այդ ընթացքում ջուր է խմում կամ լցնում տարաները: Ամբողջ քրիստոնեական դարաշրջանի ընթացքում հաճախակի կրկնվող սյուժեներից է, որը հանդիսանում էր հոգևոր ծարավի բավարարման խորհրդանիշ, որը մարդկանց տալիս է Եկեղեցին:
Արևմուտքում Մովսեսին ծերունու տեսքով էին պատկերում, իսկ Արևելքում անմորուս, երիտասարդ պատանու: Արևելքում այդ պատկերագրական տիպը առաջին անգամ հանդիպում է Սինա լեռան Ս. Եկատերինայի վանքում: Փարիզի Ազգային գրադարանի № 510 ձեռագրում (Օմոնտի ձեռագիր) Մովսեսը լուսապսակով է պատկերվում:
Մովսեսի պատկերագրությունն ի հայտ է գալիս արդեն 3-րդ դարում Դուռա Եվրոպոսի Սինագոգում: Մովսեսը այստեղ պատկերված է պատանի և անմորուս, հագած տունիկա և թիկնոց: Նույնանման է վաղ քրիստոնեական Հռոմի կատակոմբների գեղանկարչությունը: Սակայն այստեղ արդեն Մովսեսն ավելի շուտ երիտասարդ պատանու տեսքով է պատկերված՝ մորուքով կամ էլ անմորուս, կրում է տունիկա թիկոց և բացառությամբ այրվող մորենու տեսարանի՝ սանդալներ (Գրեկա կապելլա):
Աղբյուրի հրաշագործության տեսարանում նա իր լայն տարածված աջ ձեռքում բռնել է մի գավազան: Այս տիպից տարբերվում են Սան Կալիստո եկեղեցու Մովսեսի պատկերները: Այստեղ նա պատկերված է մի ծերունու տեսքով՝ երկար մազերով և երկար մորուքով:
Վաղ քրիստոնեական սարկոֆագներում (քարատապան) Մովսեսը ներկայանում է երեք տիպով.
1. Երիտասարդ և անմորուս պատանու տեսքով (Ադելֆիայի սարկոֆագ, Վիլպերտ սարկոֆագ)
2. Երիտասարդ մորուքավոր պատանու տեսքով (Լատերանի թանգարան 119)
3. Մորուքավոր ծերունու կերպարով (Թերմերի թանգարան, 102, 2 սարկոֆագներ):
Վերջին տիպով են նկարազարդված Մորեյ Ֆերրարի ոսկյա գավաթները, Բրեսկիայի մասնատուփերը, Լոնդոնի փղոսկրյա անոթը և առավել ուշ Սանտա Սաբինա եկեղեցու դուռը (Հռոմում): Հռոմի Ս. Մարիամ Մագդաղենացու վանքի խճանկարները նույնպես Մովսեսին պատանի և անմորուս են պատկերում, սակայն ուրիշ հագուստներով:
Իսկ Ռավեննայի Սուրբ Վիտալեյում Մովսեսը լուսապսակով է: Լեո Պատրիցիուսի «Աստվածաշնչում» նրան պատկերում են որպես նստած և կորացած կերպար՝ առանց լուսապսակի: Իսկ միջնադարյան մանրանկարչության մեջ երբեմն կնգուղով (վեղար) է պատկերվում: Միջնադարյան Սաղմոսագրքերը Մովսեսին հաճախ ներկայացնում են երգելիս և գրելիս:
Սան Կալիստոյի ավետարանում և Աելֆրիկի հնգամատյանի մանրանկարներում կա հազվադեպ հանդիպող Մովսեսի մահվան և թաղման տեսարանը հրեշտակի կողմից:
Սինա լեռան վաղագույն սրբանկարներում (11-12 դդ.) Մովսեսը ներկայացված է երիտասարդ անմորուս մարգարեի տեսքով, որն իր ձախ ձեռքում մի գալարակ է բռնել:
Միջնադարյան եկեղեցական քանդակագործության մեջ Մովսեսը հաճախ պատկերվում է մորուքավոր ծերունու տեսքով` երկար զգեստով և թիկնոցով, իսկ ձախ ձեռքում երկու պատվիրանների տախտակները բռնած։ Այս տիպով են նկարազարդված Շարտրի, Ռեյմսի, Ամիենի և Փարիզի Ս.Աստվածամոր տաճարների ճակատամուտքերը։
Վիմպերտի վանքի վիտրաժում Մովսեսը ձեռքում բռնել է մի կոշիկ, իսկ աջը մեկնում է դեպի մորենու մոտ երևացող Հայր Աստվածը։ Այստեղ առաջին անգամ Մովսեսի գավազանը օձ է դառնում։ Մոնրեալի Մայր տաճարի բրոնզյա դուռը Մովսեսին պատկերում է խույրով, իսկ ձախ ձեռքում բռնել է գալարակ։
12-րդ դարի Կորբիայից ծագող մի ձեռագրում, Ադմոնտի, Բուրգի Աստվածաշնչերում Մովսեսը եղջյուրներով և պատվիրանների տախտակներով է պատկերված։ 13-14-րդ դարերում այս տիպով են հանդես գալիս Ամիենի Դելա-Վիերջե-Դորե եկեղեցու ճակատամուտքը, Ռոմեյնմոթիերի և Չիլլոնի որմնանկարները:
16-րդ դարում Մովսեսի պատկերման գագաթնակետն է Հռոմի Սան Պիետրո ին Վինկոլի տաճարում Միքելանջելոյի կերտած Մովսեսը։ Այստեղ Մովսեսը ստացել է եղջյուրների, երկճյուղված մորուքի և օրենքի տախտակների լավագույն բնորոշումը։ Միքելանջելոն Մովսեսին պատկերել է զայրացած, որը պատրաստվում է կոտրել օրենքի տախտակները։
Բրյուսելում Սանտ Ժաքուիսի վանքում գտնվող Մովսեսի արձանին (18-րդ դար) եղջյուրները փոխարինված են երկու աստղաբույլերով։ Մինչ այդ արդեն Ռաֆայելի և Ֆրա Անջելիկոյի մոտ դրանք փոխարինվել են երկու խոպոպներով։
3-րդ դարի հրեական արվեստում արդեն հանդիպում է Մովսեսի պատկերագրական տեսարանների բավական զագացած շարք, օր. Դուռա Եվրոպոսի Սինագոգում։ Այստեղ պատկերված են Մովսեսին գտնելը, այրվող մորենին, Ելք Եգիպտոսից, Կարմիր ծովի անցումը և Մովսեսին պատվիրանների հանձնման տեսարանները։
Կատակոմբներում առավել հաճախ աղբյուրի հրաշագործության ժամանակ Մովսեսը ի հայտ է գալիս որպես միայնակ կերպար` ծեր կամ երիտասարդ, մորուքավոր կամ անմորուս, տունիկայով, երկար թիկնոցով և սանդալներով։ Բարձրացրած աջ ձեռքում նա բռնել է իր գավազանը, որով հարվածում է մի ժայռի, որից ջուր է ցայտում (նման օրինակներ են Հռոմի Պիետրոյի և Մարչելլինոյի կատակոմբը, Վիմպերտի կատակոմբը, Սանտ Կալիստո եկեղեցին)։
Սարկոֆագներում այս տեսարանը ընդարձակված է ջուր խմող մի քանի անձանց հաշվին, որոնք Մովսեսի կողքին ժայռերի առաջ են կանգնած կամ ծնրադիր են և ձեռքի բռով ջուր են խմում (Լատերանի սարկոֆագ, Առլի սարկոֆագ, Վիլպերտի սարկոֆագ)։
Աիքսի դամբարանում հանդիպում են Մովսեսի կյանքի պատկերագրության հետևյալ տեսարանները. հրավերք Իոֆորուսի հոտի մոտ, այրվող մորենին, օձի հրաշքը, փարավոնի մահը Կարմիր ծովում, հրեշտակը դիմավորում է փրկված իսրայելցիներին, աղբյուրի հրաշքը, մանանայի հավաքը, լորերի ճաշակումը։ 5-րդ դարի կեսից մեզ է հասել Հռոմի Ս. Մարիամ Մագդաղենացու վանքի աջ պատին պատկերված տեսարանների մանրամասն շարք։ Այն բաղկացած է հետևյալ տեսարաններից. Մովսեսը փարավոնի դստեր առջև, Մովսեսը եգիպտական իմաստունների հետ, Մովսեսի ամուսնությունը Սեփորայի հետ, Մովսեսը արածեցնում է ոչխարներին, Կարմիր ծովի անցումը, մանանան, լորերը, Մառայի դառը ջուրը, Ռեփիդիմ գետի մոտ ամաղեկացիների մարտը, լրտեսների վերադարձը, Մովսեսի տանջանքները, մահը, օրենքների սայլի առևանգումը։
Վենետիկի Ս. Մարկոսի տաճարի նախամուտքի խճանկարները (13-րդ դար), որոնք Վիեննայի «Ծննդոց» ձեռագրին են մոտ, մեզ մի շարք աստվածաշնչյան տեսարաններ են ավանդում` այդ թվում Մովսեսի կյանքին վերաբերող տեսարանների շարք։ Մովսեսի առանձին նկարազարդումներ ի հայտ են գալիս Փարիզի Ազգային գրադարանի հունական ձեռագրերում։
Մովսեսի պատկերագրական շարքին հանդիպում ենք նաև միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության մեջ։ Օրինակ Ինգելհայմի պալատական կապելլայում (826 թ.) և Հռոմի Ս. Պետրոս Մայր տաճարի որմնանկարներում։ Մայնցի տաճարի որմնանկարները ներկայացնում են Մովսեսի պատկերագրության բավականին ընդարձակ շարք։
Միջնադարում Մովսեսի կյանքի տեսարանների ներկայացման գլուխգործոցն են Վատիկանի Սիքստինյան կապելլայի որմնանկարները։ Տոսկանացի վարպետները այստեղ պատկերել են Մովսեսի կյանքից տեսարաններ (Ս. Բոտտիչելլի) Մովսեսն ու Սեփորան Եգիպտոս գնալու ճանապարհին թլպատում են իրենց որդուն, Մովսեսը սպանում է եգիպտացուն, Մովսեսը ջուր է տալիս Իոֆորուսի դստեր ոչխարներին, Մովսեսը ծնրադրում է այրվող մորենու առաջ, Կարմիր ծովի անցումը, օրենքների հանձնումը Սինա լեռան վրա (Ռոսելլի), անսանձ ամբոխի պատիժը (Ս. Բոտտիչելլի), Մովսեսի վերջին սխրանքները (Լ.Սինյորելլի)։
Մովսեսի պատկերագրության միջնադարյան վիտրաժներից ամենանշանավոր օրինակներից են Սան Դենիսի երկու վիտրաժները, որոնք դեմ հանդիման ներկայացնում են Հին և Նոր կտակարանային տեսարանները։ Մովսեսի կյանքից տեսարաններ են ներկայացնում Աուքսբուրգի և Վիեննայի Սան Զենո տաճարների բրոնզյա դռները (11-13-րդ դդ.)։ 16-18-րդ դդ. են թվագրվում Մովսեսի կյանքի տեսարանները պատկերող գորգերը. Ամբոյս պալատի գորգերի շարքը, Տոլեդոյում, Վիեննայում Միլանում պահվող գորգերը։ 19-րդ դարում փայտյա փորագրության գագաթնակետն է Յ. Շնորր ֆոն Կառոլսֆելդի ստեղծագործությունները։
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում