Մարտի մեկ. ցավոտ խոսակցության ժամանակը

Մարտի մեկ. ցավոտ խոսակցության ժամանակը

Մարտի մեկը չունի մեկ ճիշտ ու մեկ սխալ կողմ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ընտրություններն անցել էին լուրջ կեղծիքներով, բայց ընդդիմադիր կողմն էլ հաղթանակ չէր տարել, ինչպես հայտարարվում էր հանրահավաքային ամբիոնից: Իշխանությունները կոռումպացված էին, բայց հակառակ կողմում էլ սրբեր չէին հավաքված: Իշխանությունը ձգտել է ամեն գնով պահել իշխանություն, իսկ ընդդիմությունը՝ ամեն կերպ վերցնել այն: Ընդ որում` այդ ճանապարհին երկուսն էլ անցել են գրված և չգրված կանոնների սահմանները:

Մարտի մեկը ունի խորքային պատճառներ՝ կապիտալի և իշխանության սերտաճում, ընտրությունների արժեզրկում, թշնամանքի մթնոլորտ և այլն: Սրանք բոլորը մեկը մյուսին փոխկապակցված են: Օրինակ, երբ կապիտալն ու իշխանությունը սերտաճած են, իշխանությունը հակված չէ հեշտությամբ զիջել իր տեղը, քանի որ վտանգում է սեփական կապիտալը: Երբ ընտրությունները դառնում են կյանքի և մահվան պայքար, օգնության է հասնում ընտրակեղծարարությունը: Եթե ընտրական համակարգը խեղված է, ապա ողջ դժգոհությունն ու լարվածությունը կուտակվում է փողոցում, որտեղից արդեն թշնամանքն ու բախումը անխուսափելի են:

Տասներկու տարի է անցել, սակայն նմանատիպ գնահատական կողմերից որևէ մեկը չի հնչեցրել: Ավելին, տարբեր ժամանակահատվածներում մեղավորներ են նշանակվել ըստ քաղաքական նպատակահարմարության: Սկզբում ամեն ինչ բարդվել է Նիկոլ Փաշինյանի և մյուս ընդդիմադիրների վրա, իսկ հիմա ամեն ինչ բարդվում է Ռոբերտ Քոչարյանի և իր թիմակիցների վրա: Մինչդեռ հիմնական հարցերի պատասխանները բաց են մնացել. որո՞նք են եղածի պատճառները և ի՞նչ անել ապագայում նման դեպքերը կանխելու համար:

Պարզ է, որ մարտի մեկին հակամարտող կողմ հանդիսացած որևէ իշխանություն չի կարող օբյեկտիվ գնահատական տալ եղածին: Ավելին, այսօր մարտի մեկը գործող իշխանության համար դարձել է քաղաքական հարթակ, յուրատեսական «կրոն»՝ պատմությունը խմբագրելու և հակառակորդներին դեմոնիզացնելու համար: Ներկա դատավարությունը զոհերի սպանության հանգամանքների պարզման հետ որևէ կապ չունի, իսկ երթեր ու մոմավառություններ կազմակերպելը սեփական երբեմնի քաղաքական ֆիասկոն խնկարկելու և այն իբրև նահատակություն ներկայացնելու փորձ է: Եթե 2008թ.-ին հեղաշրջման փորձը թեկուզ զոհերի գնով հաջողվեր, մի՞թե մարտի մեկը չէր տոնվելու իբրև «Նոր Հայաստանի», «Չորորդ Հանրապետության» կամ, ասենք, «Քաղաքացու» տոն:

Բոլոր պետություններն էլ ունենում են ողբերգական էջեր: Մեր ցավոտ խոսակցության ժամանակը մի օր անպայմանորեն գալու է: Առայժմ պետք է արձանագրել, որ 2008թ. մարտին ոչ մի կողմում սրբեր չեն եղել: Վատագույն լուծումը այժմ կարող է լինել անցյալի մեջ թաղված մնալը և մարտի մեկը անցյալի և ապագայի ջրբաժան ներկայացնելը: Ի վերջո, ԱՄՆ-ում էլ մինչ օրս Քենեդու սպանությունը բացահայտված չէ, բայց դա չի խանգարել ԱՄՆ-ին զարգանալու և աշխարհը գրավելու համար: Պարզապես պետք է հասկանալ եղածի խորքային պատճառները, անհրաժեշտ հետևություններ անել և այդքանից հետո համակերպվել միասին ապրելու մտքին: «Պատժել մարտի մեկի ոճրագործներին» պաստառները պետք է փոխարինել համերաշխ համակեցությունը խորհրդանշող խոսքերով: Այսուհետ սա պետք է լինի մարտի մեկի իրական խորհուրդը:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում