Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը հյուրընկալել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ սաներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը փետրվարի 29-ին և մարտի 1-ին Հայաստանում իր հյուրընկալ դռներն էր բացել հայ հանդիսատեսի առաջ` ներկայացնելով գեղեցիկ և բազմաոճ կրկեսային համարներ: Կրկեսային ծրագրից բացի, կրկեսի ծաղրածուն փոքրիկ հանդիսատեսին ուրախացրել է հումորային համարներով և նվերներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`շոու ծրագրի երկրորդ օրվա ներկայացմանը միացել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության սաները: «Տեղեկանալով, որ Երևանում հյուրախաղերով հանդես է գալու «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը, մեր հաստատությունը դիմեց կրկեսի ղեկավարությանը անվճար տոմսեր մեր սաներին տրամադրելու խնդրանքով: Մեզ սիրով ընդառաջեցին, և այսօր մեր սաները հնարավորություն ունեցան վայելելու այս հիանալի շոու ծրագիրը»,- նշել է հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը:
Ըստ Սիմոնյանի` երեխաները մեծ բավականություն են ստացել ներկայացումից, ծաղրածուի արկածներից: Նրանք այնքան ոգևորված են եղել, որ մեկը մյուսին հերթ չտալով կիսել են իրենց տպավորությունները: Նրանց ետ չի պահել անգամ այն փաստը, որ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:
Թամարա Սիմոնյանը ցավով է փաստել, որ սաները` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ցավոք, առաջին անգամ էին այցելում կրկես:
«Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանն էլ ասել է. «Սա մոսկովյան կրկես է, և մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից, ԱՊՀ այլ երկրներից: Կրկեսի կազմակերպիչները խոստացել են հաճախ անհրաժեշտ տոմսերով ապահովել ծերանոցի տարեցներին, մանկատների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին»:
Կրկեսային շոու ծրագրից հետո հանդիսատեսի անդադար ծափահարությունները հաստատել են այն փաստը, որ շոուն ստացված է, և ոչ միայն փոքրիկները, այլև մեծահասակները մեծ տպավորություններով են հեռացել դահլիճից՝ ասելով, որ առաջիկայում իրենց ընկերների հետ կգան ու կկիսեն իրենց անմոռանալի տպավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում