BBC-ն անդրադարձել է Եթովպիայում հայկական փոքրաթիվ համայնքին և դրա այժմյան վիճակին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Tert.am: Հեղինակավոր BBC կայքը «Նամակ Աֆրիկայից» (Letter from Africa) շարքից հոդված է հրապարկել, որը վերաբերում է հայ-եթովպիական հարաբերություններին, Եթովպիայում հայկական համայնքին ու դրա այժմյան վիճակին:
Եթովպիայում հայկական կորսված համայնքի հետքերով է գնացել լրագրող Իսմայիլ Էինաշեն, որը նշում է, որ երկրում գտնվելով, բազմիցս լսել և հետաքրքրվել է հայկական համայնքով, դրա պատմությամբ:
19-րդ դարում Մենելիկ 2-րդ կայսեր գահակալման ընթացքում այստեղ ձևավորված փոքրաթիվ հայկական համայնքը առավել ընդլայնվել է 20-րդ դարում՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերից փրկված և այս հողերում ապաստան գտած հայերի շնորհիվ. նրանք կարևորագույն դերակատարում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի ձևավորման և դրա ընդհանուր զարգացման գործում:
Նշվում է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև ամուր կապ է ստեղծվել հիմնականում Ուղղափառ եկեղեցու շնորհիվ. կապն էլ ավելի է խորացել դիվանագետների և առևտրականների շնորհիվ:
Հոդվածում պատմվում է նաև լրագրողի` 1930 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի այցելության մասին: Վերջինս տպավորված է ճարտարապետական այս կառույցի զարդարանքներով, սակայն նշում է,որ սովորական օրերին այնտեղ քահանա չի լինում: Նշվում է, որ այս եկեղեցին բոլոր ժամանակներում հայերի համար որպես համայնքի կենտրոն է ծառայել:
Եթովպիայում հայերի թիվը սկսել է աճել Ռազ Թաֆարի կայսեր գահակալության ժամանակահատվածում: Նշվում է նաև, որ վերջինս Երուսաղեմի հայկական եկեղեցի կատարած այցելության ժամանակ, տեսնելով 40 հայ որբի, հայոց պատրիարքին խնդրել է թույլ տալ ստանձնել նրանց խնամակալությունը:
Կայսեր ջանքերի շնորհիվ հետագայում երեխաները երաժշտական կրթություն են ստացել և հանդես են եկել կայսերական փողային նվագախմբի կազմում, որը ղեկավարել է Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակ Գևորգ Նալբանդյանը:
Եթովպիայում հայկական համայնքը իր ծաղկման գագաթնակետին է հասել 1960 թվականին, երբ հայերի թիվը հասել է 1 200-ի: 1974 թվականին Ռազ Թաֆարիի գահընկեցության և Սոցիալիստական Եթովպիայի ժամանակավոր ռազմական կառավարության հաստատումով երկրում սկսել են ճնշումներ գործադրվել, ուստի հայերի մեծ մասը սկսել է լքել Եթովպիան և հաստատվել հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:
Այժմ հայկական համայնքը 100 հոգուց բաղկացած տարեցների խումբ է ներկայացնում: Բացի այդ, երկրում հայկական սոցիալական ակումբ է գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում