ԱԱԾ. Բացահայտվել է դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան 20 ՀՀ քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը:
Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի քաղվածքներ, որոնց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են Հայաստանի Հանրապետությունը և ապօրինի մուտք են գործել «Շենգենյան համաձայնության» երկրներ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ հերթական անգամ մուտքի արտոնագիր ստանալուց առաջ ապօրինի միգրացիայի կազմակերպիչներից մեկը բռնվել և բերման է ենթարկվել, խոստովանել հանցագործության կատարումը, իսկ մյուսները լքել են Հայաստանի տարածքը։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում