20 միլիոն դրամ` թեքահարթակների կառուցման համար

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքների իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այ դ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ:

Մինչ այդ, նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ որում, չափորոշիչներով նախատեսված է ապահովել թեքահարթակի 8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: Շինարարական օբյեկտների շինաշխատանքների ավարտից հետո, հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում:

Երևանի քաղաքապետարանի այս ռազմավարության հիմքում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրի ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն է’ ապահովելով անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում