Ռազմիկ Դավոյան․ Բառը
Նմանատիպ
ԻՆչպես արեւի շողը բռնելով,
Կենդանանում է թրթուրը քնած
Եվ խլրտում է տաքուկ փոշու մեջ,
Այդպես Հանճարի ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եվ տաք խլիրտով
Շարժվում է դեպի հավիտենություն:
Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա,
Խոստովանանքի համար է ծնվում,
Ու թեեւ նրան մանրում են մարդիկ
Շահատակության շուկաների մեջ,
Սակայն ինչ-որ տեղ՝
Հոգու ծալքերում իմաստունների,
Ապրում է Բառը եւ անվերջ թրծվում:
Հավատամքը – Սեր,
Տառապանքը – Սեր…
Ես նստել էի
Բառի մենավոր քարանձավի մեջ,
Եվ Բառը հազար տխուր աչքերով
Լալիս էր վրաս,-
Ես չգիտեի,
Որ դու մոմերդ կվառես մի օր՝
Բառի խորքերը լուսավորելու,
Եվ լռության մեջ կթողնես, գնաս:
Ես չգիտեի…
Եվ Բառը հիմա քայլում է հոգնած
Բառերի անծայր քարավանի մեջ,
Եվ տխուր է նա, ձանձրացած մի քիչ
Եվ աննվաճ է, եւ քնքշորեն խեղճ:
Եվ ինձ թվում է՝ նրա ստվերը
Բոլոր կողմերից
Քշում են վայրի ուրուրներ հազար.-
Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,
Նա Հանճարին է միայն հավասար:
Եվ քանի դու կաս, ամեն գարնան հետ,
Ինչպես արեւի շողը բռնելով
Կենդանանում է թրթուրը քնած,
Եվ խլրտում է տաքուկ փոշու մեջ,
Այդպես Կարոտիս ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եվ տաք խլիրտով
Շարժվում է դեպի հավիտենություն: