Աշոտ Ավդալյան. Եվ երանի ենք տալիս…
03/03/2020 22:12
Նմանատիպ
Եվ երանի ենք տալիս արևին,
և երանի ենք առնում խավարից,
մեր հոգնությունը դաշտից է գալիս,
մեր ցնծությունը գետերն են տանում:
Եվ աջ ենք թեքվում զորության համար,
և ձախ ենք թեքվում, որ առանձնանանք,
և մեծ կիրակին չունեցավ պատրանք,
մեզ ուրբաթների ծուխն է տանելու:
Եվ մեզ տանում է, որ տա երկնագիր,
հայտնության պահը ասեղնագործի,
վազող ջրերին երանություն տա,
Ու հոգնություն տա կանգնած ծառերին:
Ինչ-որ ձայներ լուր են բերելու,
թե զարդարված են անցորդ ու աստված,
նրանց ձայնի մեջ ոսկին հնազանդ,
իսկ խմբերի մեջ դառնում է ազդու:
Եվ հայտնությունը դադար է հայցում
և հայտնությունը փայլ է անցյալից,
և երանի ենք տալիս աստծուն,
և երանի ենք առնում խավարից: