Աղոթենք ըստ պատվախնդրության
Նմանատիպ
– Հա՛յր, Դուք այնքա՜ն եք հոգնում, ինչպե՞ս եք կարողանում աղոթել:
– Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում:
– Հա՛յր, աղոթքի հանդեպ սեր չեմ զգում:
– Սիրտդ դեռևս չի ջերմացել, աղոթքը հոգուցդ չի բխում. Ամեն ինչ հարկադրաբար ես անում, չոր, առանց զգացմունքի: Աղոթքն ինչպե՞ս ես սկսում:
– Սկսում եմ այն մտքից, որ պետք է աղոթել քո և այլոց համար:
– Այս ի՜նչ տարօրինակ մարդ ես: Քեզ մոտ ամենուր «պետք է» է. «Պետք է աղոթել», «պետք է հոգևոր վարժանքով զբաղվել», ամեն ինչ «պետք է», «պետք է»… դրա համար էլ դժվարանում ես: Լավ է, որ այդպիսի ուժ ունես, բայց սկսիր խոնարհ մտքից, կարեկցանքից: Թո՛ղ սիրտն աշխատի, թո՛ղ կարեկցի, այդժամ ինքդ քեզ հարկադրելու կարիք չես ունենա. ուրախություն կզգաս, և հոգումդ ներքին խնդություն կլինի:
– Մի տեսակ քարացած վիճակում եմ, Հա՛յր. հոգևոր խնդություն չունեմ:
– Աղոթելիս ուրախանո՞ւմ ես: Կարծում եմ մի քիչ հարկադրում ես քեզ: Պատվախնդրորեն սկսում ես ինչ-որ բան անել, իսկ հետո, ինքդ էլ չես նկատում, թե ինչպես, եսասիրությունն է խառնվում՝ «Ավելի շատ խոնարհումներ անեմ, տերողորմյայով ավելի շատ աղոթեմ»,- ասում ես քեզ: Եվ դա ոչ թե Քրիստոսի կամ օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ սիրուց է, այլ որպեսզի հնարավորինս շատ անես, ավելի սրբանաս: Դու խոնարհաբար չես ասում. «Չէ՞ որ Տերն ասաց. «Սո՛ւրբ եղեք» (Ա Պետ. 1:16), ուրեմն դրա համար կանեմ այն, ինչ ուժերս ներում են»: Այլ ամեն ինչ անում ես՝ հիմնվելով տրամաբանական անհրաժեշտության վրա. «Ես պետք է սուրբ լինեմ»:
– Հա՛յր, ինձ ինչպե՞ս ստիպեմ աղոթել:
– Ստիպելու ի՞նչ կարիք կա, ինչո՞ւ պատվախնդրորեն չաղոթել:
– Դա ինչպե՞ս անեմ, Հա՛յր:
– Պատկերացրո՛ւ Աստծու հոգատարությունը, խորհի՛ր Աստծու՝ քո Բարերարի մասին, զգա՛ սեփական անպիտանությունդ ու մեղավորությունդ և Նրա ողորմածությունը հայցիր: Երբ մարդը զգում է Աստծու մեծամեծ օրհնությունները՝ ամրապնդվում է, սիրտը ջերմանում է և նա հարատև աղոթք է ձեռք բերում:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում