Հացաբույր բառերի խորհուրդը
Նմանատիպ
Մի առիթով Համո Սահյանն ասել է. «Թոնրի վերանալու հետ, հայոց լեզվի գործածությունից դուրս եկավ մոտավորապես հարյուր քսան բառ»:
Սա պոետն ասել է դեռևս նախորդ դարում, տեսնես հիմա քանի՞ տասնյակ բառեր էլ պետք է ավելացնենք այդ ցանկին:
Լեզուն կենդանի օրգանիզմ է, ինչ խոսք, և տարիները նորանոր բառերով զինում, նաև զինաթափում, գործածությունից դուրս են բերում բառաֆոնդի շատ ու շատ բառեր՝ դարձնելով անկենդան, ոչ գործածվող: Այդ բառերի թվին էլ պետք է դասենք հացի արարմանը վերաբերող բառաշարքը:
Հայի համար հացը եղել է սրբության սրբոց, արարման ակունք: Հացով երդում են տվել, հացի առջև գլուխ խոնարհել, որպես օրհնություն՝ նորահարսի ու փեսայի ուսերին լավաշ են գցել, թոնրի շուրջը պտտեցրել: Հին ու ավելորդ հացը դեն չեն նետել, թրջել ու անասուններին են տվել: Գետնին ընկած հացը զգուշությամբ վերցրել, հանդիպած քարին ու բարձր մի տեղ դրել՝ թռչուններին, շուն ու կատվին էլ բաժին թողնելով:
Հայկական խոհանոցում կան ուտեստներ, որոնք պատրաստում կամ ուտում են միմիայն մեր ազգային հացով՝ լավաշով:
Ռուս գրող Անդրեյ Բիտովն ասել է. «Լավաշն ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշն անձեռոցիկ է: Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են»:
Ինչ խոսք, հաց թխելը բարդ ու դժվարին գործընթաց է, բայց հայ կինը, մամիկը երբեք չի տրտնջացել, դեռ ավելին, աշխատանքն ուղեկցել է հետաքրքիր խաղ ու տաղով, խոսք ու զրույցով:
Հաց թխելիս հավաքվել են հարևան կանայք, միմյանց օգնել, ձեռք մեկնել:
Խմորը հունցել են գիշերը կամ վաղ առավոտյան: Թթվելուց անմիջապես հետո վառել են թոնիրը, իսկ մինչ կրակի նստելը՝ սկսել են գնդել, այսինքն՝ խմորը փոքրիկ ու համաչափ գնդերի են բաժանել: Ծածկել են բարակ կտորով, թողել մի փոքր հանգստանա, ապա հատուկ մատուցարանի միջոցով գնդերը հասցրել են գրտնակողին: Որպեսզի գրտնակողը կարողանր ավելի արագ կատարել իր պարտականությունը, նա օգնական է ունեցել՝ գնդեր բացողը: Այդպես գործն ավելի արագ է կատարվել, և արդեն բացված խմորն ավելի արագ է հասցվել հացթուխին: Բացված խմորն ավելի բարակեցնելու նպատակով հացթուխը ձեռքերի հմուտ ու արագ շարժումներով ավելի է մեծացրել խմորը և փռել ռաֆադայի վրա: Խմորը թոնրի պատից չընկնելու համար պարտադիր խմորի վրա մի քանի կաթիլ ջուր են ցողել: Ըստ հին սովորույթի՝ չխոսկան երեխան, եթե խմեր այդ ջրից, լեզուն կբացվեր:
Բավականին դժվար ու աշխատատար է եղել թոնիրը բոցելու գործընթացը: Այսինքն՝ երբ ջերմությունը պակասել է, նորից կրակ են վառել արդեն բարակ ճյուղերով ու մանրացանով: Սովորաբար այս գործին տղամարդիկ չեն մասնակցել, և էլի կանայք են արել ամեն բան:
Վերջում սկսել են հացը քաղելու, այսինքն՝ դասավորելու՝ չեփված եզրերը պոկելու, վառված հատվածը մաքրելու պահը: Հաց քաղելը ևս իր կանոններն է ունեցել՝ երկարավուն մասի վրա հաջորդ լավաշի լայն մասը պետք է դրվեր, լայնի վրա՝ երկարավունը:
Եթե որոշված էր լավաշը երկար պահել, պարտադիր էր չորացնելը, իսկ եթե ոչ՝ նորից թրջել են, կտրել ու դասավորել հացը պահեստավորելու տարայի մեջ:
Լավաշը թխելուց հետո հենց թոնրի շրթի մոտ ճմուռ են պատրաստել, կլոճ ու գաթա թխել՝ հացատնից բուրող լավաշի անուշ հոտին խառնելով այս համեղ ուտեստների քիմք շոյող բույրը:
Այսօր այնպես չէ, որ մեր համային ճաշակը փոխվել է, հրաժարվել ենք ազգային հացից՝ լավաշից: Թխում ենք ու վայելում սիրով, բայց բողոքում (հատկապես տարեցները), որ այսօրվա լավաշը չունի նախկին հացի համն ու հոտր:
Իսկ ինչու՞, ո՞րն է գաղտնիքը:
Գործն ավելի հեշտացնելու համար հրաժարվեցինք թոնրից՝ թխելով էլեկտրական ու գազով տաքացվող հատուկ ջեռոցներում, խմորը պատրաստում ենք արհեստական խմորիչներով, ավելացնում ինչ-որ անծանոթ հավելանյութեր:
Ա՛յ Սահյանի մտահոգությունը հենց սրան էր վերաբերում. թոնրի պատին ծաղկած լավաշի կարոտի հետ, ցավոք, մեր բառապաշարից դուրս եկավ բառերի մի հսկա փունջ:
Փորձեցի այդ բառերի մեծ մասը վերհանել (մոտավորապես հարյուր բառ), կատարեցի մի փոքրիկ հետազոտական աշխատանք՝ Հայաստանի տարբեր տարածաշրջաններում, նաև հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցներից հավաքագրելով այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք սակավ կամ ընդհանրապես դուրս են եկել գործածությունից: Բառերի մի մասը բարբառային տարբերակով եմ գրառել, մյուսները՝ գրական հայերենով:
Ստորև ներկայացնում եմ ցանկը ՝ յուրաքանչյուր բառի դիմաց գրելով բացատրությունը:
Ա
Աթար- Անասունների չորացրած աղբ, թոնիրը վառելու համար վառելանյութ:
Ակ, ակնատ, սնդու, սունդու-Թոնրի տակից բացված անցք՝ օդը խաղալու և կրակը բորբոքելու համար:
Ակը կալնել-Թոնրի տակից բացված անցքը՝ ակը, փակել:
Ակիշ, շիշ, անթրոց, խոխան, ծհան, կեռչան–Կեռ, թեք ծայրով երկաթե երկար ձող՝ թոնիրը խառնելու, թոնրի մեջ ընկած հացը հանելու համար:
Ակնաշոր, ակնկալ- Թոնրի տակից բացված անցք՝ ակ, փակելու շոր, լաթ:
Աղուն- Աղալու համար պատրաստված հացահատիկ:
Բ
Բատատ, ռաֆադա, տեփ, տափ-Խմորը թոնրի պատին խփելու հարմարանք:
Բեռոշ, կճուճ, կարաս, կազան- Հացատան կահ –կարասի:
Բոցել-Լավաշը թխելու ընթացքում, երբ ջերմությունը պակասում է, նորից կրակը վառելու գործընաց:
Բոփել թոնիրը-Թոնրի պատերը սրբել:
Բոքոն- Ուռուցիկ ու հաստ ամբողջական հաց, որը, սովորաբար, թխել են լավաշից հետո:
Գ
Գյալբարի- Թեք ծայրով երկաթ, որի միջոցով խառնել են կրակը, հետո դրանով շեղջը մի կողմ հավաքել:
Գնդանալյուր- Ավելի մեծ հատիկներով ալյուր, օգտագործել են խմորը գնդելու ժամանակ:
Գրտնակ, վրթանակ, օխլավ- Գլանաձև ողորկ փայտ, որով տափակացրել են խմորը:
Դ
Դաստղուն-Թխված լավաշը մեջը փաթաթելու կտոր:
Թ
Թափթափա-Հացատեսակ, բոքոն:
Թի- Բացած խմորը փռան մեջ դնելու հարմարանք, իսկ ավելի նեղ թիով հանել են եփված հացը:
Թխթմոր, խաշ, մայա- Խմորումն արագացնող նյութ, որ շաղված ալյուրի մեջ են դրել՝ թթվեցնելու համար, խմորիչ:
Թոնդրակ-Փոքրիկ թոնիր:
Թոնրի փոշի-Վառված վառելանյութի մոխիրը:
Թորեն, թուռուն- թոնիր:
Թունդրա շուրթ-Թոնրի եզր, պռունկ:
Լ
Լիսի փետ-Փայտ, որը վառել են փռի մեջ՝ թխվող հացի մի կողմում, լույսը ապահովելու համար:
Լոշ-լավաշ:
Խ
Խարճկաթ, խաչերկաթ – Երկաթյա զույգ կամ մեկ շերտից պատրաստված հարմարանք, դրել են վառվող թոնրի վրա՝ իբրև կերակրի պուտուկների հենարան:
Խմորի տաշտ- Խմոր հունցելու համար փայտից կամ մետաղից պատրաստված մեծ աման:
Խոխան-Թոնրից մոխիրը հանելու հարմարանք:
Խոնչա- Նոր թխած հացը վրան շարելու կամ խմորի գնդերը տեղափոխելու հարմարանք:
Խուշկի, մանրացան-Խոշոր եղջերավոր անասունների և սմբակավորների աղբ, որը չորացրել են և օգտագործել թոնիրը վառելու ժամանակ:
Կ
Կալ, թեղ- Հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ:
Կախկալ- Մատուցարան, սինի, լավաշը թխելուց հետո կախել են թոնրի մեջ գաթա թխելու համար։
Կլոճ, բաղարջ-չթթված խմորի հաց:
Կռութ- Հնձելու ժամանակ արտում մնացած հասկ:
Կուրկուտ-Մսով և ցորենով պատրաստվող ուտեստ, որը, որպես կանոն, եփել են թոնրի մեջ: Կուրկուտը, ինչպես խաշը, երբեք մենակ չեն կերել:
Կուտ, թիժաթոխ հաց- Թոնրի պատից պոկված, մոխրի վրա եփված խմոր:
Կուտանա-Առաջին կուտ գնացած հացը:
Հ
Հացքաղ- Հացահատիկի հունձքը:
Հերթիս, հերթ, երդիկ- Հացատան կտուրի մեջ թողած բացվածք, որը ծառայել է իբրև լուսամուտ, օդանցք:
Ճ
Ճեխ-Թոնիրը վառելու ցախ:
Ճմուռ -Տաքացրած յուղի կամ ձեթի մեջ թարմ հաց բրդելով պատրաստած կերակուր, որն ընդունված է եղել պատրաստել և ուտել հացը թխելուց հետո՝ հենց թոնրի կողքին:
Մ
Մաղ, քարմաղ, փոգեմաղ, ալրմաղ, շատարար- Փայտյա շրջանակի վրա ամրացրած մետաղի կամ մետաքսաթելի ծակոտկեն հյուսվածք՝ ալյուրը, հացահատիկը մաղելու համար:
Մեզար- սփռոց, որի վրա շարել են սկզբում խմորի գնդները, ապա՝ թխված հացը:
Մինդար-Տարբեր կտորներից կարված ներքնակ, որը փռել են թոնրաշուրթին, նստել վրան լավաշը թխելուց հետո ոտքերը թոնրի մեջ կախելու, տաքացնելու համար:
Պ
Պեց անել-կրակը բորբոքել:
Պյուլ-Խմորի գունդ:
Ջ
Ջաղաց-ալրաղաց:
Ջաղչպան-Ջրաղացպան:
Ս
Սաջ, խուփ-Երկաթե կափարիչ, որով փակել են թոնրի ռեխը՝ բերանը:
Սեղանտախտակ, փեշխուն-Լավաշը վրան գրտնակելու հարմարանք:
Սինի- մատուցարան, խմորի գնդերը տեղափոխելու հարմարանք:
Սրբիչ- Երկար փայտի ծայրին կապած կտոր, որով թրջել ու մաքրել են թոնրի տաք պատերը, շեղջի տակի մոխիրը:
Սուփրա-Լավաշի գնդերը վրան շարելու կտոր:
Տ
Տաշտաքեր, թաթակիշ -Փոքրիկ երկաթե թիակ՝ տաշտի կողքերին կպած խմորը քերելու համար:
Տառթ-Ոչխարի չորարած գոմաղբ, թոնիրի պատերի ջերմություննավելի լավ պահող վառելանյութ:
Ց
Ցրտնի-Հատապտուղ, որի կեղևով լցոնել են թոնրի պատին լավաշը խփելու հարմարանքը՝ ռաֆադան:
Փ
Փառդել, փարադիկ- Մինչև լավաշ թխելը՝ թոնրի պատերը մաքրելու գործընթաց:
Փռնըչի-հացթուխ:
Ք
Քաղել-Թխված լավաշները թխելուց հետո դասավորել ու դարսել իրար վրա:
Քուրսի–Հացը թխելուց հետո թոնրի վրա դրվող մեծ ու ցածրադիր թախտ, որի վրա վերևի հատվածից փռել են լոփ, ջեջիմ, մինդար(բարակ ծածկոց կամ ներքնակ, հաստ կտոր) և նստելով կողքին ու ոտքերը տակը մտցնելով՝ տաքացել են:
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի ուսուցչուհի
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում