Հովհաննես Շիրազ. Խաղաղություն ամենեցուն…
Նմանատիպ
Ամեն ազգի խաղաղություն, սուրբ ըղձանքով միշտ հղի,
Դու ես խորհուրդն իմաստության, դու ես արգանդն սուրբ հողի,
Ո՜վ մեծ Հիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչվես,
Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թե սևով կակաչվես,
Թե արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում,
Թե կույր գառ եմ, մոր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում…
Թե քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզվակն իմ ոսկի,
Թե տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղողանջն իմ խոսքի,
Ես պապակ եմ աղբյուրներիդ՝ շատրվանիր մշտաբուխ,
Թե ես հող եմ՝ գարուն ես դու, թե թոնիր ես՝ ես՝ հացթուխ:
Թե մակույկ եմ կյանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ,
Թե անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ,
Թե ես խոսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ,
Թե ես կռվոմ զոհված զինվոր՝ դու ես մայրս մշտավիշտ:
Թե ճամբորդ եմ՝ դու ես ճամբես, ՝ թե ջրվոր եմ՝ արտ ես դու,
Թե արծիվ եմ՝ թևերս ես դու, թե սոխակ եմ՝ վարդ ես դու:
Թե թոնիր եմ՝ հացս դու ես, թե կռիվ եմ՝ դու ինձ վերջ…
Թե վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ:
Թե ես նավ եմ տիեզերախույզ՝ դու ես հրթիռն ինձ տանող,
Թե խոպան եմ՝ դու ես խոփս՝ կյանքն ամենուր սերմանող:
Դագաղագործ չդառաս դու, թե օրոցք ես դեռ գալիք՝
Քեզ կսպասեն հարսների մեջ՝ հազար-հազար ծիլ բալիկ,
Հազար-հազար օրորոցներ, որ անտառ չեն տակավին
Հազար ու բյուր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցավին,
Հազար-հազար, հազար ու բյուր, հազար ու բյուր բալիկներ,
Թե փլուզվես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան… գալիքներ,
Յոթնապատիկ իմ ողջ տունը աղոթում է քեզ համար,
Ոչ թե առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ,
Այսօր ծիլ է, վաղը գալիք, մյուս օրը պտղակուտք:
Ով նեյտըրոն, քո պատյանը, դագաղն է ողջ մարդկության,
Թե մարդկության մռունչն համառ՝ չխորտակի քո ճամբան:
Վեր դայակւիր խաղաղությո´ւն, արևելքից արևմուտք՝
Մեղրազեփյուռ օդի փոխվիր՝ բխած բոլոր ծաղկունքից,
Չճերմակի ոչ մի թուխդ, հույսեր ծաղկեն քո քունքից,
Օդի փոխվիր, հյուսիսում էլ, հարվում էլ, ամենուր,
Ժողովրդվիր, ո՜վ բարություն, մերկ մի թողնի ոչ մի թուր:
Թե գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝
Դու կույս մայր ես՝ դու ես միակ Աստվածամայրն աշխարհի:
Թե կանթեղ ես՝ ամեն մի սիրտ ձեթ է որ միշտ վառ մնաս,
Թե Մասիսի ձյունն ես՝ կուզեմ աղբյուր դառած գիրկս գաս,
Թե մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես,
Թե ազգերը բալիկներ են՝ կուզեմ մոր պես փայփայես:
Թե լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լույսով լույս կտամ,
Թե ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խոստման,
Թե բարուր եմ՝ կյանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած,
Թե բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած:
Թե ես թուր եմ՝ դու ինձ պատյան, թե երակ եմ՝ դու արյուն, –
Թե փեսա, եմ՝ դու ես միակ կույս հարսնացուս, իմ գարուն:
Թե քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ, –
Թե սրինգ եմ՝ դու ես նվագն համասփյուռված ամեն կողմ,
Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր,
Ո´վ մանկաբարձ, մանկադայակ, մայրաստինք, մանկամայր:
Ո´վ մարդապաշտ խաղաղություն, էլ ո՞րն ասեմ քո մասին,
Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին:
Թե դու Մարսն ես՝ ինչպես լուսնին՝ քեզ նվաճել կտենչանք,
Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք…