Բոլոր կրքերը սայթաքման քարեր են մեր հոգու փրկության ճանապարհին
Նմանատիպ
Եկեղեցու սուրբ հայրերը հոգու տարբեր հիվանդությունները բնորոշում են կիրք հասկացությամբ: Կրքերը կարելի է տեսակավորել: Մարդն իր մեջ միավորում է հոգևորն ու մարմնավորը: Ինչին համապատասխան` կրքերն էլ լինում են հոգևոր ու մարմնավոր:
Առաջինները ձևավորվում են հոգեկան պահանջներից, իսկ երկրորդները` մարմնավոր կարիքներից: Այս երկուսի միջև դժվար է եզրագիծ անցկացնել, որովհետև բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգու մեջ: Ամենատարածված մարմնավոր կրքերն են` որկրամոլություն, անկշտություն, զեխություն, հարբեցողություն, գաղտնակերություն, փափկասիրություն, շնություն, պոռնկություն, անառակություն, արյունախառնություն, մանկապղծություն, անմաքուր ցանկություններ և ամեն տեսակի անբնական ամոթալի կրքեր: Իսկ ծխամոլությունը պատկանում է հենց բնական կրքերին, քանի որ օրգանիզմի մշտական թունավորումը չի գտնվում մարմնի բնական կարիքների ոլորտում:
Բոլոր կրքերը սայթաքման քարեր են մեր հոգու փրկության ճանապարհին: Մարդկային բնությունը, լինելով Աստվածային Իմաստության արարչություն, օժտված է կատարելությամբ: Մեր քրիստոնեական կյանքի նպատակը Աստծո հետ միանալն է և միայն Նրա մեջ հավիտենական կյանքի երանությունը գտնելը: Իրականացնելով հոգու փրկագործությունը` մենք պիտի վերականգնենք մեր մեջ Աստվածային պատկերը, որն աղավաղված է բազմապիսի մեղքերով, և ձեռք բերենք մեր Երկնավոր Ծնողի նմանությունը: Քանի դեռ հոգին գտնվում է կրքերի գերության մեջ, նա չի կարող վերականգնել նախաստեղծ աստվածանմանությունը: Եթե մարդը հաղթված է որևէ կրքից, ապա հոգին ապականվում է, հիշողությունը թուլանում և կամքը ուժից զրկվում: Ցանկացած կիրք անտեսանելի կապերով կապված է ուրիշ կրքերի հետ: Հոգու մեջ անթափանց պատեր չկան: Արմատավորված մեկ կիրքը նպաստում է այլ կրքերի ձևավորմանը: Եթե ծնողները ծխող են, որպես օրենք, նրանցից սովորում են իրենց երեխաները: Սակայն երեխաները նրանց սեփականությունը չեն: Իսկ երբ ցկյանս վարակում են նրանց այս հոգեկործան սովորությամբ, անշուշտ գործում են ոչ միայն քրիստոնեական խղճի, այլև ընդհանրապես համամարդկային բարոյականության դեմ:
Եթե մարդը գիտակցում է ծխամոլության վնասը, հաճախ ընկնում է տրտմության մեջ տեսնելով, որ այդ սովորության գերին է դարձել և չունի ազատություն: Ծխամոլության հետ նաև սերտ կապված է ինքնարդարացման մեղքը, բարոյականության զգացումը բթանում է: Հաշտվելով այդ կրքի հետ` նա հանդուրժողական է դառնում նաև այլ թուլությունների հանդեպ:
Ծխելը մեղք է համարվում նաև այն պատճառով, որ քայքայում է առողջությունը: Սուրբ հայրերի ընդհանուր ուսմունքի համաձայն ` կյանքն ու առողջությունը որպես պարգև են տրված մեզ Աստծուց: Կարճացնել կյանքը վնասակար սովորությամբ և անառողջ ապրելակերպով` մեծ մեղք է: Ծխողը վնասում է և՛ իրեն, և՛ ներկաներին: Ծխամոլության «դրական» կողմերը ներկայացնելու փորձն անգամ ծիծաղելի է թվում` համեմատած այն տվյալների հետ, որոնք ունի բժշկագիտությունը: Ի թիվս բազում` կյանքին ծխամոլությունից մեծ վտանգ ներկայացնող տվյալների, բացահայտված է, որ ծխախոտի ծուխը պարունակում է մեծ քանակությամբ` ուռուցքային հիվանդություններ առաջացնող, ինչպես նաև մի շարք ռադիոակտիվ նյութեր: Օրական մեկ տուփ սիգարետ ծխող մարդն ընդունում է ռադիոակտիվության այն չափը, որը յոթ անգամ գերազանցում է թույլատրված նորման: Ապացուցված է, որ ծխախոտի ռադիոակտիվությունն է ուռուցքային հիվանդության առաջացման հիմնական պատճառը:
Կիրքը ձևավորվում է որպես արդյունք մարդկային մեղսական կամքի և դիվային ազդեցության` թեև անտեսանելի, բայց իրական: Դիվային ուժերը փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց մասնակցությունը մարդկանց անկման գործում: Սակայն կան վնասաբեր կրքերի հատուկ տեսակներ, որտեղ սատանայի դերը ակնհայտ է: Դրա ամենատպավորիչ նկարագրությունը տալիս է ծխախոտի պատմությունը: Իսպանացի Ռոման Պանոն 1496-ին, Կոլումբոսի երկրորդ նավարկությունից Ամերիկայից Իսպանիա է բերում ծխախոտի սերմերը: Այդտեղից ծխախոտը մտնում է Պորտուգալիա: Լիսաբոնում ֆրանսիացի դեսպան Ժան Նիկոն (այս անունից էլ առաջացավ նիկոտին բառը) 1560 թ. ծխախոտի բույսը ներկայացրեց որպես բուժամիջոց Եկատերինա Մեդիչի թագուհուն (1519-1589 թթ.), որը տառապում էր գլխացավերով: Ծխախոտը սկսեց արագ տարածվել սկզբում Փարիզում, հետո ամբողջ Ֆրանսիայում: Իսկ հետո սկսվեց նրա հաղթարշավը ողջ Եվրոպայում: Մարդու համար կործանարար ամեն բան սատանան փորձում է ներկայացնել որպես «օգտակար»: 16-րդ դարի շատ բժիշկներ ծխախոտը համարում էին դեղամիջոց: Երբ բացահայտվեցին ծխելու վնասաբեր հետևանքները, սովորությամբ տարվածներն այնքան էին շատացել, որ կանգնեցնել այդ վարակն արդեն անհնար էր: Սկզբնական շրջանում ծխամոլությունը հետապնդվում էր և խստորեն պատժվում: Անգլիայում ծխողներին խայտառակում և մահապատժի էին ենթարկում: Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինը 1604-ին գրեց իր աշխատությունը «ծխախոտի վնասի մասին», որտեղ գրում էր. «Ծխախոտ ծխելը` աչքերի տեսողությանը վնասող, հոտոտելիքի համար զզվելի, ուղեղի համար վնասակար և թոքերի հիվանդություն առաջացնող սովորություն է»: Հռոմի պապ ՈՒրբանոս VII-ը ծխողներին անջատում էր եկեղեցուց: Կիրառվում էին նաև այլ պատժամիջոցներ: Սակայն ամեն անգամ հաղթող էին դուրս գալիս ծխողները, ծխախոտ վաճառողներն ու արտադրողները` բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտությունը դարձրին այս կործանարար սովորության տարածումը: Ծեծը, մահապատիժը և այլ միջոցներ անզոր դարձան այդ հոգեկործան կրքի դեմ, որի արագ տարածումը շատ է հիշեցնում համաճարակը, կամ ավելի ճիշտ` պանդեմիան: Ինչ-որ մի ուժ` մարդկայինը գերազանցող, մարդկանց դարձնում է ստրուկ վնասակար սովորության, որից շատերը ցկյանս չեն կարողանում ազատվել:
Կարելի՞ է արդյոք ազատվել ծխամոլությունից: Կարելի է: Վերջին 10-15 տարիների ընթացքում Անգլիայում մոտ 10 միլիոն մարդ թողեց ծխելը: Աշխարհում ամեն օր ծխելը թողնում է մոտ 2000 հոգի: Սուրբ հայրերի ընդհանուր ուսուցման համաձայն, Աստծո օգնությամբ մարդ կարող է հաղթահարել ցանկացած կիրք: Մարդու համար անհնարը Աստծո օգնությամբ հնարավոր է: Միայն պետք է հաստատ որոշել թողնել մեկընդմիշտ` գիտակցելով դրանից եկող վնասը հոգուն և մարմնին, քանի որ ծխախոտը հոգին է տկարացնում, բազմապատկում կրքերը, խավարեցնում միտքը և դանդաղ մահով քայքայում առողջությունը: Բորբոքվածությունն ու տրտմությունը ծխելուց առաջացած հոգու հիվանդության հետևանքներն են:
Ինչու՞ են սակավ այն մարդիկ, ովքեր հրաժարվում են այդ «դիվային խաղալիքից»: Որովհետև ծխողների մեծ մասը չի ուզում թողնել այդ սովորությունը: Իսկ նրանք, ովքեր ուզում և քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, իրականում չունեն ներքին վճռականություն: Աստված միշտ էլ պատրաստ է օգնելու մարդուն փրկության գործում, սակայն մարդուց սպասում է սխրանք: «Երբ առ Աստված սիրուց դրդված կամենում ես կատարել ինչ-որ գործ` մահը ունեցիր որպես սահման քո ցանկության, և այսպիսով կարժանանաս նահատակության աստիճանին բարձրանալու` պայքարելով յուրաքանչյուր կրքի դեմ, և ոչ մի վնաս չես կրի այդ ճանապարհին քեզ հանդիպող դժվարություններից, եթե համբերես մինչև վերջ և չթուլանաս: Տկարացած միտքը թուլացնում է համբերության ուժը, իսկ հաստատուն միտքը, որ հետևում է նրան, հաղորդում է անգամ այնպիսի ուժ, որը բնությունից վեր է»:
Թարգմանությունը` ռուսերենից Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆի
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում