Դալին և Պիկասոն մեկ հարթակում. Երևանում բացվեց երկու մեծությունների ցուցահանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում ներառվել է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Հանրության համար այն բաց կլինի մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը:
«Կարծում եմ՝ Դալին և Պիկասոն իրարամերժ կերպարներ են, որոնց միավորել է հանճարը և ազգությունը: Նրանք տարբեր են թե՛ որպես մարդ, թե՛ որպես արվեստագետ»,-նշեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ու հավելեց, որ ցուցահանդեսում ներկայացված են բազմաբնույթ ստեղծագործություններ, որոնք կհետաքրքրեն արվեստասերներին:
Ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը շեշտեց, որ և՛ Պիկասոն, և՛ Դալին կերպարվեստի պատմության ամենախոշոր դեմքերից են, սակայն նրանց միջև հակամարտություն կար, որը սկիզբ էր առել Դալիի մեծամտության պատճառով: «Պիկասոն բավականին օգնել է Դալիի որպես նկարչի ձևավորմանը, նրա առաջխաղացմանը: Պիկասոն Դալիի համար կատարելատիպ է եղել: Դալին միշտ փորձել է ավելին անել, քան Պիկասոն՝ ձգտելով գերազանցել նրան: Երբ Դալին Պիկասոյի աջակցությամբ ուղևորվում է ԱՄՆ, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասում է, որ եթե Պիկասոն իմանար, որ ինքն այդքան մեծ հռչակ է վայելելու, հաստատ ԱՄՆ մեկնելու հարցում իրեն չէր օգնի: Այդ հայտարարությունից հետո Պիկասոն վրդովում է և խզում է Դալիի հետ կապը»,-պատմեց համակարգողը:
Նրա խոսքով՝ այս ցուցահանդեսը յուրօրինակ երկխոսություն է երբեք նույն հարթակում չցուցադրված մեծանուն իսպանացիների միջև:
Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից (ստեղծել է նկարչի բարեկամ Բենիամին Լևին), վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Ալժիերի ընտանիքից` 2011 թվականին: Հաջորդ տարի հեղինակավոր «Քրիստի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:
Դալին և Պիկասոն արվեստագետներ են, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:
Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում