Կապարոսի նշանակումը օպտիմալ տարբերակ էր. Լևոն Պաչաջյան

Կապարոսի նշանակումը օպտիմալ տարբերակ էր. Լևոն Պաչաջյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ArmSport: «Հաշվի առնելով, թե ինչ վիճակում է այսօր մեր հավաքականը, ապա վատ տարբերակ չէր Կապարոսի նշանակումը»,– այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:

«Ուսումնասիրեցի հավաքականի նոր մարզչի անցած ուղին: Մարզել է բարձրակարգ թիմեր: Ակումբային մակարդակում մեծ փորձ ունի, սակայն չի աշխատել հավաքականում, ինչը մի կողմից բացասական է: Հաշվի առնելով, որ իսպանական ֆուտբոլը միշտ էլ բարձրության վրա է եղել, կարող եմ ասել, որ այս պահի համար հաջող ընտրություն էր: Երկրպագուներն էլ էին սպասում, որ հավաքականի նոր մարզիչը լինի արտասահմանցի ու բարձրակարգ թիմեր մարզած մասնագետ»:

Դիտարկմանը, թե իսպանացի մասնագետն ինչքան էլ բարձրակարգ թիմեր է մարզել, ամեն դեպքում, ոչ մի թիմի հետ լուրջ հաջողությունների չի հասել, Պաչաջյանն ասաց.

«Պետք է հաշվի առնենք, թե ինչ վիճակի մեջ է այսօր մեր հավաքականը: Այնքան էլ լավ ժամանակներ չեն հավաքականի համար, և դժվար է միանգամից մտածել տիտղոսակիր մարզիչների մասին: Առաջին հերթին հավաքականն իրեն պետք է լավ դրսևորի: Կարծում եմ՝ Կապարոսի նշանակումն օպտիմալ տարբերակ է: Մնում է սպասել ու հուսալ, որ նոր մարզչի գլխավորությամբ կունենանք հաջողություններ»:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն իսպանացի Խոակին Կապարոսի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին հայտնեց այսօր: Կողմերի միջեւ կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում