Վանաձորի քաղաքապետն էլի «պլստաց»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ խորհրդարանում համառորեն պնդում էին, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տվել: Ողջ օրը նա անհասանելի էր, հեռախոսազանգերին չէր պատասխանում նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Պարզվեց, որ վերջինս ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հրավերով, ՀՀ էլիտար պատվիրակության կազմում, հայոց գեներալիտետի’ «Մանվել&Սեյրան» անբաժանելի ընկերակցությամբ, մեկնել է Ղարաբաղ’ մասնակցելու Մարտակերտի օրվա տոնակատարություններին, քանի որ Լոռու մարզն ու Մարտակերտը «եղբայր» մարզեր են (ասացին՝ կգրեք ոչ թե «քույր», այլ’ «եղբայր»):

Սամվել Դարբինյանին տեսնողներն էլ ասացին, որ «առավոտյան ձեռները ջեբը դրած, շվշվացնելով գնում էր, տրամադրությունը հեչ հրաժարական տվածի չէր»: Օրվա վերջում վերջինիս «շվշվացնելու» հանգամանքը հաստատեցին նաև ՀՀԿ գրասենյակից. «Սամվել Դարբինյանի հրաժարականի լուրը չի համապատասխանում իրականությանը», չնայած ողջ օրը կասկածում էին «իրականությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում