Ցանկությունս միայն այն է, որ ոչ մի հայ ֆուտբոլիստ չտեսնի ու չանցնի իմ անցած ուղիով. Գևորգ Օհանյան

Ցանկությունս միայն այն է, որ ոչ մի հայ ֆուտբոլիստ չտեսնի ու չանցնի իմ անցած ուղիով. Գևորգ Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ArmSport.amՀայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ու հեռանկարային խաղացողներից մեկը` Գևորգ Օհանյանը, վերջերս ստիպված եղավ կարիերան ավարտելու որոշում կայացնել:

ArmSport-ի հետ զրույցում 28-ամյա խաղացողը պատմել է ԱՄՆ տեղափոխության, կարիերայում ունեցած դժվարությունների և մի շարք այլ հետաքրքրիր թեմաների մասին:

-Կպատմե՞ս ԱՄՆ տեղափոխության մասին: Դժվար չէ՞ր Հայաստանում ամեն ինչ թողնելն ու հեռանալը:

-ԱՄՆ տեղափոխվելուց դեռ 1 տարի առաջ, երբ ստացանք տեղափոխության լուրը, մտքումս միայն մեկ միտք կար` արդյոք կավարտե՞մ կարիերաս, որը դեռ նոր էր թափ հավաքում … նույնիսկ եկավ մի պահ, երբ ընտանիքով մտածում էինք հրաժարվել այս ամենից և շարունակել խաղալ, մնալ Հայաստանում, բայց տեսնելով մեր հայկական ֆուտբոլի բարձիթողի վիճակը, նպատակահարմար գտա տեղափոխվելը … տեղափոխվել և սկսել ամեն ինչ 0-ից:

-ԱՄՆ տեղափոխվելուց հետո միացել էիր տեղի թիմերից մեկին, անգամ շատ գեղեցիկ գոլ խփեցիր «Նյու-Յորք Սիթիի» դեմ խաղում, թվում էր` ամեն ինչ լավ է դասավորվում: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

-Նախքան ԱՄՆ տեղափոխվելը, արդեն մի քանի տարբերակ ունեի կարիերաս այստեղ շարունակելու, բայց ամենից հարմարը Orange County Soccer Club-ն էր, քանի որ չէի ցանկանում տեղափոխվել ուրիշ քաղաք ապրելու, իսկ ամենամոտը միայն այդ ակումբն էր: Գալով այստեղ` միացա նրանց, և 2 ամիս գրեթե ամեն օր 2 ժամ ճանապարհ էի անցնում մարզվելու համար, շատ ծանր, դժվար օրեր էին, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի, քանի որ նպատակ ունեի անպայման շարունակելու կարիերաս: Շատ լավ նախապատրաստական շրջան անցա, մասնակցեցի բոլոր ընկերական խաղերին, 2 գոլ խփեցի MLS-ում և USL-ում հանդես եկող թիմերին, ամեն ինչ շատ լավ էր և բոլորն ուրախ էին:

Մինչև վերջ հավատում էի, որ պայմաններս այնպես կլինի, որ ամեն օր 100 կմ հեռավորությունը, երկար օրերը պատճառ չեն կարող հանդիսանալ, որպեսզի ավարտեմ կարիերաս, բայց չստացվեց: Այնպիսի պայմաններ առաջարկեցին, որ չէի կարող համաձայնել, քանի որ և’ ինքս ինձ կխաբեի, և’ ֆուտբոլին: Այսպիսով, որոշեցի չքննարկել ուրիշ տարբերակներ այս պահին կարիերան շարունակելու, քանի որ հստակ ցանկությունս էր, որ ընտանիքիս հետ լինեմ:

– Հաշվի առնելով այն, թե քեզ համար ինչ մեծ նշանակություն ունի ֆուտբոլը, որքանո՞վ էր ծանր կարիերան ավարտելու որոշումդ:

-Միանշանակ շատ ծանր որոշում էր: Չեմ համակերպվել, չեմ համակերպվի երբեք, քանի որ միտքս, մարմինս դեռ պատրաստ են շատ երկար խաղալուն: Հաշվի առնելով իմ անցած ծանր ֆուտբոլային ուղին` մինչև վերջ էլ կհավատամ, որ մի օր նորից կվերադառնամ իմ սիրած գործին և հաճույք կստանամ:

-Նշեցիր` ծանր ֆուտբոլային ուղի ես անցել: Կմանրամասնե՞ս:

-Ինչո՞ւ ծանր. քանի որ մանկապատանեկան տարիքում շատ մեծ հաջողություններ էի գրանցում, մեծ ապագա էին խոստանում, բայց իմ կյանքում հանդիպեցին մարդիկ, ովքեր փորձեցին կործանել կարիերաս … ղեկավար, մարզիչ, անգամ թիմի բժիշկ, իսկ 2010-ին ինձ բանակային ծառայության ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ, վերադարձա, խաղացի և ապացուցեցի տարիներ հետո, որ բոլոր նրանք, ովքեր փորձել էին անվանս հետ խաղալ, իրենք են սխալ եղել:

-Նշեցիր, որ շատերն են փորձել կործանել կարիերադ` ակումբի ղեկավարներ, մարզիչներ, անգամ բժիշկ … կա՞ մի բան, որի համար զղջում ես կարիերայիդ հետ կապված:

-Այո, շատ բաներ կփոխեի, եթե ավելի հասուն լինեի փոքր տարիքում, վերջապես կընդունեի հրավերն ու կտեղափոխվեի այն ժամանակվա «Փյունիկ», որպեսզի ավելի մեծ բարձունքների հասցնեին, հավաքականում խաղացնեին, կամ գոնե զինվորական ծառայության չուղարկեին: Փոքր տարիքում եվրոպական թիմերից առաջարկներ ունեի, անպայման կտեղափոխվեի: Շատ չէի վստահի ուրիշներին իմ ապագայի հարցում, բայց չեմ զղջում, քանի որ ամեն ինչի ավարտն ինձ համար նոր բանի սկիզբ հանդիսացավ: Այսօր ֆուտբոլի միջոցով ունեցա ընտանիք, անփոխարինելի մարդիկ, մեծ շրջապատ, անուն, պատիվ: Շնորհակալ եմ բոլորին … նրանց, ովքեր օգնել են, երախտապարտ եմ, նրանց, ովքեր խանգարել են` Հայրապետյան Ռուբենը, Արզումանյան Սևադան, Իսրայելյան Սարգիսը, «Ուրարտու» ակումբի չստացված բժիշկ Արսենը … նրանց էլ եմ շնորհակալ: Նրանց շնորհիվ ես ավելի հասուն ու պայքարող դարձա: Ցանկությունս միայն այն է, որ ոչ մի հայ ֆուտբոլիստ չտեսնի ու չանցնի իմ անցած ուղիով: Իմ առջև դռները միշտ փակ են եղել, չգիտեմ` ինչու:

-Ինչո՞վ ես զբաղվելու ԱՄՆ-ում: Արդեն պատկերացում ունե՞ս:

-Անպայման կմնամ ֆուտբոլում, անհատական մարզումներ կանցկացնեմ, կմարզեմ մեր այստեղի հայկական թիմերին: Արդեն կա հստակություն: Հետագայում կփորձեմ կրթություն ստանալ, կատարելագործվել` կա’մ մարզչական ասպարեզում, կա’մ ադմինիստրատիվ աշխատանքներում: Բայց անպայման ինձ ֆուտբոլում եմ տեսնում, ու նաև կարծում եմ`մի օր նորից կվերադառնամ մեր այդքան շատ սիրելի հայկական ֆուտբոլ:

Ամեն ինչ տանում է նրան, որ կավարտեմ կարիերաս, բայց հետագայում լավ տարբերակի դեպքում, հնարավոր է` նորից խաղամ: Հաշվի առնելով այն, որ 2 տարի ծառայելուց հետո վերադարձա, նորից խաղացի … ես և ֆուտբոլն անբաժանելի ենք:

-Ինչպե՞ս կամփոփես կարիերադ: Որքանո՞վ արդարացան ինքդ քո ու կարիերայիդ հետ կապված սպասելիքներդ ու նպատակներդ: Որքանո՞վ քեզ հաջողվեց իրականացնել այն, ինչ մտածել էիր ի սկզբանե:

-Կարիերայիս ընթացքում ունեցա շատ վերելքներ ու վայրէջքներ, բայց մեկ բան հստակ մնաց. ես միշտ հաճույք էի ստանում իմ խաղից, անկախ նրանից, թե որտեղ էի խաղում ու ում դեմ: Կարիերաս 3 փուլի կբաժանեմ` մինչև ծառայություն, Լիբանան և վերադարձս Հայաստանի Բարձրագույն խմբում: Կարծում եմ`այդ երեք փուլերում էլ ստացված էր կարիերաս, քանի որ իմ խաղը գնահատողները շատ էին և ամենուր: Միայն վրիպում էր մեր հավաքականի գերֆանտաստիկ մարզիչների ուշադրությունից:

-Կարիերայիդ ընթացքում իսկապես եղել են պահեր, երբ թվում էր` հասունացել է քեզ` հավաքական հրավիրելու պահը, բայց այդպես էլ դա իրականություն չդարձավ: Ի՞նչ կասես այս թեմայով:

-Հավաքականում խաղալն, այո, երազանք է յուրաքանչյուրի համար, բայց երևի լավ խաղալը, գոլեր, գոլային փոխանցումներ կատարելը, նվիրված լինելը թիմին, ազգին շատ քիչ էր: Պետք է ավելին տաս: Վնասվածքով չեմ եղել, պահեստային խաղացող չեմ համարվել, երևի դրա համար էլ չեմ հրավիրվել: Այնպես չէ, որ վիրավորված եմ խոսում, պարզապես մեր ֆուտբոլում միշտ էլ գործել է «любимчик» հասկացությունը, և շատերը տուժել են այդ երևույթից, մեր ֆուտբոլն է տուժել: Վերացրեք դա և կունենաք լավ ու որակյալ ֆուտբոլ:

-Իսկ կա թիմ կամ մարզիչ, որ ամենամեծ ազդեցությունն է ունեցել քո կարիերայի վրա` դրական առումով:

-Մարզիչների հարցում բախտս բերել է: Գրեթե բոլոր հայ մարզիչների հետ աշխատել եմ, բոլորից էլ սովորել եմ ու շատ շնորհակալ եմ: Կցանկանամ առանձնացնել իմ առաջին մարզիչներին` Սամվել Ադամյանին, Սամվել Պողոսյանին … նրանց շնորհիվ կատարելագործվեցի: Կառանձնացնեմ նաև Արկադի Անդրեասյանին, որի հետ աշխատանքս շատ կարճ տևեց, բայց նա իմ մեջ տեսավ այն, ինչ չէին տեսնում ուրիշներն ու ինձ դաշտում ազատ ստեղծագործելու հնարավորություն տվեց:

Կցանկանամ, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այսօրվա ֆուտբոլի առաջխաղացման համար, իրենց գործն անեն ճիշտ, մաքուր և մտածեն, որ յուրաքանչյուր ճիշտ կամ սխալ որոշում կարող է կոտրել կամ ոգևորել, հետևաբար՝ կխնդրեմ մարզիչներին, ակումբի ղեկավարներին, ֆեդերացիայի ղեկավարներին` ամեն որոշում կատարելուց առաջ երկար մտածել և սեփական շահերը չգերադասել ընդհանուրից: Մի կոտրեք հայ ֆուտբոլիստների` խաղալու երազանքը, մի սահմանափակեք հայ ֆուտբոլիստների առաջխաղացումը, ստեղծեք և տվեք հնարավորություն բոլորին: Կառուցեք հայկական ֆուտբոլը հայ ֆուտբոլիստների հիման վրա, քանի որ բոլորը գիտեն`շենքի հիմքը կարևոր է: Ինչքան ամուր է հիմքը, այնքան ամուր է մեր ֆուտբոլը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ակումբներին, մարզիչներին ինձ խաղալու հնարավորություն տալու համար: Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, հաճույք և մեծ պատիվ էր ձեր յուրաքանչյուրի հետ աշխատելը: Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներին. դուք ամենալավն եք, ես միշտ ստացել եմ ձեր բոլորի աջակցությունը: Հայկական ֆուտբոլը լուսաբանող մարդկանց եմ շնորհակալ ինձ ուշադրության կենտրոնում պահելու համար: Ընտանիքիս եմ շնորհակալ ինձ հետ հավասար այս դժվար ուղին անցնելու համար, սիրում եմ ձեզ: Առանց ձեզ ես կպարտվեի այս պայքարում:

Ճիշտ է` չկարողացա մեծ նվաճումների հասնել, բայց վստահ եմ, որ ինչ-որ մի հետք թողեցի մեր ֆուտբոլում` չխաղալով հավաքականում և բարձրակարգ ակումբներում: Գլուխս բարձր և հպարտությամբ, հուսամ ժամանակավոր, թողնում եմ խաղալս, քանի որ այս պահին ընտանիքիս հետ լինելն ավելի եմ կարևորում: Շնորհակալ եմ բոլորին, մինչ նոր հանդիպում:

Նարե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում