Ի՞նչ գրքեր են կարդում Երեւանում. վերջին շաբաթվա բեսթսելլերները

Երեւանում հունիսի վերջին շաբաթվա ամենաշատ վաճառված գիրքը Մոսկվայում բնակվող ժամանակակից հայազգի արձակագիր Մարկ Արենի’ Կարեն Մարտիրոսյանի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» պատմությունն է: Այն հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է և իր ծնողներն էլ հայեր են եղել։

«Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագիծ «Երևանյան բեսթսելլեր»-ը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում ամենավաճառվող գրքերի ցանկը’ խթանելով նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների վաճառքը: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի’ «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն է, որը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում’ փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

Երրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը Սեն Էսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպն է, որը հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն:

Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն է, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:

«Ալքիմիկոս»-ին հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի’ 2010թ-ին Հովհաննես Այվազյանի կողմից ռուսերենից թարգմանված տարբերակը: Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում’ շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում: Նույն հեղինակի մեկ այլ գրքում տեղ գտած միաժամանակ երկու ստեղծագործությունները «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում են:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի յոթերորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատար Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: Հաջորդում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի ստեղծագործությունը’ «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»: Այն մի ճայի կյանքի պատմություն է, որտեղ գրողը ներկայացնում է, թե ինչպես հասարակ ճայերն ուզում են միայն իմանալ, թե ինչպես կարելի է հասնել ծովափից դեպի սննդի աղբյուր: Նրանց համար կյանքի իմաստը կայանում է ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չի, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն ինքնուրույն սովորում է թռչել: Հասարակ ճայերը չեն ընդունում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:

Իններորդ հորիզոնականում ՎՄՎ-պրինտի կողմից հրատարակած «Մարգարիտներ Սևակի մտքի գանձարանից» գիրքն է: Այս շաբաթ վարկանիշային աղյուսակը եզրափակում է դասական ստեղծագործություն’ Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը:

«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում