Թբիլիսիի քաղաքապետարանի չորս աշխատակիցներ են ձերբակալվել բյուջետային միջոցների յուրացման գործով
Նմանատիպ
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի չորս բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալման մասին, որոնք մեղադրվում են գերատեսչության բյուջետային միջոցները յուրացնելու եւ վատնելու մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Քաղաքապետարանի բյուջեի միջոցների յուրացման եւ վատնման գործով ձերբակալված են փոխքաղաքագլուխ Դավիթ Ալավիձեն, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանին, քաղաքապետարանի գնումների ծառայության պետ Ալեքսի Տաբուաշվիլին, Թբիլիսիի Մթածմինդայի շրջանի վարչակազմի փոխղեկավար Դիմիտրի Չխեիձեն: Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածներն այլ անձանց հետ միասին յուրացրել ու վատնել են մեծ գումարներ՝ 48 մլն 930 հազար 822 լարի (ավելի քան 30 մլն դոլար)»,- ասված է քննիչների հայտարարության մեջ:
Ավելի վաղ ֆինանսների նախարարության հետաքննչական ստորաբաժանման մամուլի ծառայության ղեկավար Նաթիա Սուխիաշվիլին հայտարարել էր, որ գերատեսչությունը միջոցների անօրինական յուրացման գործով հարցաքննել է Թբիլիսիի քաղաքապետարանի շուրջ 30 աշխատակիցների եւ Թբիլիսիի սաքրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմնի) մի քանի պատգամավորների, սակայն այնուհետեւ նրանց բոլորին բաց են թողել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում