Քարվաճառ-Սոթք ռազմավարական ճանապարհը դժվարանցանելի է ամառ-ձմեռ
Նմանատիպ
Ամբողջ ձմռան ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից գրեթե ամեն օր տեղեկատվություն էր տարածվում այն մասին, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը փակ է առատ ձյան պատճառով: Ինքս մեկ անգամ ձմռանը փակ ճանապարհով հասել եմ Քարվաճառ: Երթուղայինի մեջ գտնվող տղամարդիկ բահերով մաքրում էին ձյունն ու այդպես մետր առ մետր առաջ շարժվելով, մրսած-սառած ուշ երեկոյան հասանք Քարվաճառ:
Ձմեռն անցավ, ու հույս կար, որ Քարվաճառն արտաքին աշխարհին կապող Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը գոնե մի քանի ամիս խնդրահարույց չի լինի: Սակայն ինչպես ցույց տվեց փորձը, դա այդպես չէ: Արդեն որերորդ օրն է’ ԱԻՆ լրատվականը հաղորդագրություն է տարածում Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին ցեխի մեջ խցանված մեքենաների մասին:
Մի կողմ դնենք այն, որ Քարվաճառի բնակիչներն առանց այդ էլ չափազանց շատ են դժվարություններ կրում եւ կարելի էր նրանց նորմալ ճանապարհով ապահովել: Առավել առաջնային է այն փաստը, որ Քարվաճառ-Սոթք ճանապարհը ռազմավարական նշանակության է: Այդ ճանապարհով է մեր զորքի մի մասին սնունդ հասցվում: Եվ ռազմավարական նշանակության, Արցախը Մայր Հայաստանին կապող, զորք կերակրող ճանապարհն ամբողջ տարին դժվարանցանելի է: Իսկ եթե հանկարծ ռազմական գործողություններն ակտիվանան… ցեխակույտերի մեջ խցանված կամ ձյան մեջ արգելափակված մեքենաներն ինչպե՞ս են օգնության հասնելու:
Հ.Գ. Այս տարի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Քարվաճառի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում կասֆալտապատվի Քարվաճառ-Վարդենիս կարճ, Նորաբակ գյուղով անցնող ճանապարհը: Այդ ճանապարհը Քարվաճառին անհրաժեշտ է, սակայն անկախ կարճ ճանապարհի գոյությունից, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը պետք է անցանելի պահվի տարվա բոլոր եղանակներին’ սահմանամերձ բնակավայրերի եւ զորամասերի նորմալ կենսագործունեությունը պահպանելու համար:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում