ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելիի, Իգոր Պոպովի և Ժակ Ֆորի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հունիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հուլիսի երկրորդ կեսին ԵԱՀԿ ՄԽ նամանախագահների միջնորդությամբ Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Նշվում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների նախագահների ապագա հանդիպումը նախապատրաստելու մանրամասները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները հունիսի 18-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց պատրաստակամությունն էին հայտնել խնդրի լուծումը տեսնել միայն խաղաղ բանակցային ճանապարհով: «Մենք հաստատում ենք, որ խնդրի կարգավորումը միայն բանակցությունների ճանապարհով կարող է բերել խաղաղության, կայունության եւ հաշտեցման’ ստեղծելով նոր հնարավորություններ տարածաշրջանի զարգացման եւ գործակցության համար: Ռազմական ուժի կիրառումը, որի հետեւանքով էլ ստեղծվել է ներկա անկայուն վիճակը, չի կարող լուծել հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկսումը կբերի աղետալի հետևանքների տարածաշրջանի բնակչության համար եւ կհանգեցնի մարդկային կորուստների, ավերածությունների, փախստականների թվի ավելացման, ֆինանսական հսկա կորուստների:
Մենք միաժամանակ խնդրում ենք զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում եւ թեժացնել հակամարտությունը: Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում