Արթուր Սահակյան. Առաջնության հետաձգումը ունի դրական կողմ

Արթուր Սահակյան. Առաջնության հետաձգումը ունի դրական կողմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ArmSport.amԿորոնավիրուսը շարունակում է մնալ սպորտի համար մեկ թշնամին: Չեղարկվել և չեղարկվում են միջազգային մի շարք մրցաշարեր:

ՈՒԵՖԱ-ն արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացրեց մեկ տարով հետաձգել ԵՎՐՈ-2020-ը: Ազգային առաջնությունները դադարեցված են: Բոլոր տարիքային հավաքականների մասնակցությամբ ընկերական ու պաշտոնական խաղերը ևս չեղարկվել են: ՈՒԵՖԱ-ն հատուկ հանձնախումբ է ստեղծել, որը մինչ մարտի 31-ը պետք է քննարկի ու ներկայացնի ազգային առաջնությունների անցկացման ձևաչափն ու ժամանակագրությունը: Այս ամենից զերծ չմնաց նաև Հայաստանը: ՀՖՖ-ն մինչև ապրիլի 14-ը դադարեցրեց Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը:

Հայաստանի առաջնությունը ձմեռային դադարից հետո նոր էր վերսկսվել, կայացել էր 2 տուր: Մինչ առաջնության առաջին հատվածի ավարտը մնացել էր մեկ տուր, չնայած՝ արդեն ձևավորվել է լավագույն վեցնյակը, որտեղ իրենց տեղը գտած թիմերը կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ թե այդ պայքարը երբվանի՞ց կվերսկսվի՝ հայտնի կդառնա ավելի ուշ:

Ամբողջ աշխարհում հետաձգվող առաջնություններն անհետևանք չեն մնում: Բոլոր ակումբները լուրջ կորուստներ են կրում հետաձգման հետևանքով, հիմնականում՝ ֆինանսական: Հասկանալի է, որ ֆինանսների զգալի մասը ձևավորվում է տոմսերի վաճառքից, և եթե որոշում կայացվի հետագայում խաղերն անցկացնել առանց հանդիսականների, ապա հասկանալի է, թե դա ինչ հարված կլինի ակումբներին: Օրինակ, «Բարսելոնան»-«Նապոլի» խաղը եթե կայանար, որն ըստ նախնականի պետք է անցներ դատարկ տրիբունաների ուղեկցությամբ, կատալոնական ակումբին կբերեր 6 մլն դոլարի կորուստ:

Վնասներ կկրեն նաև հայկական ակումբները: Հասկանալի է, որ ֆինանսապես այդքան էլ չեն տուժի․ Հայաստանի առաջնությունում հիմնական եկամուտը տոմսերի վաճառքից չի գոյանում, որովհետև «տոմսերի վաճառք» արտահայտությունը մեր առաջնությունում խորթ է հնչում:

Armsport-ը փորձում է հասկանալ ու Ձեզ ներկայացնել հայկական ակումբներում տիրող իրավիճակն այս պահին: Զրուցեցինք Երևանի «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ: Վերջինս ներկայացրեց ակումբում տիրող իրավիճակը, խոսեց նաև կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի առաջնության դադարեցման հետևանքների մասին.

-Պարոն Սահակյան, ի՞նչ վիճակում է թիմը: Գիտենք, որ մարզումները դադարեցված են: Այդ դեպքում, ինչպե՞ս են ֆուտբոլիստները փորձում ինչ-որ կերպ պահպանել իրենց ֆիզիկական վիճակը:

-Ցանկացած ֆուտբոլիստ ունի անհատական ծրագիր ու մարզվում է այդ ծրագրով: Մեր մարզիչները մշտական կապի մեջ են խաղացողների հետ: Ունենք նաև հատուկ սարքեր, որոնց միջոցով ցանկացած պահի կարողանում ենք հետևել խաղացողների ֆունկցիոնալ ու ֆիզիկական վիճակին :

-Հայաստանու՞մ են բոլոր խաղացողները, թե՞ ոմանք մեկնել են հայրենիք:

Ո՛չ, բոլորն այս պահին Հայաստանում են ու այստեղ էլ մնալու են:

-Առաջնության դադարեցումը ի՞նչ կորուստներ կբերի թիմին:

-Ֆինանսական աոումով, չեմ կարծում, որ որևէ կորուստ ունենա թիմը: Եթե նույնիսկ առաջնությունը հունիսին ավարտվի, ամեն ինչ կընթանա իր հունով, քանի որ այսպես, թե այնպես, նրանք ստանալու էին հունիս ամսվա աշխատավարձը ևս: Եթե նույնիսկ ֆինանսական կորուստ էլ լինի, ապա չենք կենտրոնանա դրա վրա: Կա շատ այլ կարևոր բացասական կետ․ Թիմը հաղթական վերելքի վրա էր ու շատ լավ կլիներ, որ առաջնությունը շարունակվեր, քանի որ շատ ավելի հեշտ է հաղթել, երբ որսում ես հաղթական ուղին: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի առաջնության վերսկսումից հետո: Ֆուտբոլիստները մարզավիճակի խնդիր կունենան այդ ժամանակ, եթե այսպես երկար շարունակվի:

Սահակյանը բացասականի հետ մեկտեղ շեշտում է, որ կա նաև դրական փաստ:

Առաջնության հետաձգման դրական կողմն այն է, որ թիմում կարևոր դերակատարություն ունեցող, բայց վնասվածք ստացած ֆուտբոլիստները կապաքինվեն ու պատրաստ կլինեն առաջնության վերսկսմանը:

Արմեն ԳԱՐԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում