Հայկ Բաբուխանյանը Հայրիկյանի հայտարարությունը համարում է բանտում անցկացրած տարիների արդյունք

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի’ ռուսական ուժերի նկատմամբ վատ վերաբերմունքը հիմնականում բացատրվում է նրա’ բանտում անցկացրած տարիներով: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը’ արձագանքելով Հայրիկյանիհայտարարությանը Ռուսաստանի’ Ադրբեջանին զենք վաճառելու մասին:

«Հայրիկյանը վստահ է, թե իր անվտանգությունը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով: Ես կարող եմ հասկանալ Պարույր Հայրիկյանի տեսակետը, քանի որ ԽՍՀՄ տարիներին նա երկար ժամանակ «պատիժ» է կրել ռուսական բանտերում: Ես նրան ընկալում եմ որպես հին դիսիդենտ և չեմ կարծում, որ նրա ասածները լիովին կարող են համապատասխանել իրականությանը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ’ ասաց Հայկ Բաբուխանյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ ազատազրկված տարիները Հայրիկյանի համար ծանր են եղել, ինչի համար նա մեղադրում է միայն ռուսներին: Նա կոչ արեց, այնուամենայնիվ, ուշադիր լինել ցանկացած հայտարարություն անելիս, քանի որ յուրաքանչյուր հայ քաղաքացու, լրագրողի կամ քաղաքական գործչի ասածները նստվածք են թողնում հասարակության վրա, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև հետագա զարգացումներում:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պարբերաբար բարձրաձայնում է այն մասին, թե 2013թ-ի հունվարի 31-ին իր դեմ տեղի ունեցած մահափորձը ռուսական իմպերիալիզմի ձեռքի գործն է: Նա վստահ է, որ այդ քայլը բանտում անցկացրած տարիների շարունակությունն է: Բացի դրանից, Ռուսաստանի’ Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելը նա համարում Հայաստանի համար ռազմավարական գործընկեր պետության կողմից խիստ մտահոգիչ քայլ, որի դեմ պետք է ըմբոստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում