Օլիմպիական չեմպիոնները ցմահ կստանան պատվովճարներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Հայաստանի Օլիմպիական խաղերի չեմպիոններին այսուհետ կտրվեն պատվովճարներ՝ դադարեցնելով դեռևս 2015թ-ից սահմանված լրավճարները։ Նման որոշում է ընդունվել ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
ՀՀ Կառավարության 2015 թ դեկտեմբերի 17-ի № 1486-Ն և օգոստոսի 13-ի № 925-Ն որոշումներում ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ կատարելով, փորձել է բարելավել մարզիկների սոցիալական վիճակը, ինչպես նաև խթանել սպորտի զարգացումը Հայաստանում։
Մինչև այս փոփոխությունների ընդունումը Օլիմպիական խաղերի չեմպիոնները ստացել են լրավճար միայն այն դեպքում, եթե աշխատել են Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպություններում: Այժմ մարզիկները պատվովճար կստանան անկախ աշխատանքի վայրից, հարկերի գանձում էլ չի լինի:
Մասնավորապես, Օլիմպիական խաղերի չեմպիոններին նախկին 100 հազար դրամի փոխարեն, այսուհետ պետությունը կվճարի ամսական 200 հազար դրամ պատվովճար: Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար նույնպես սահմանվել են պատվովճարներ` համապատասխանաբար 140 հազար և 100 հազար դրամ:
Պատվովճարները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին, եթե նրանք բնակվում են ՀՀ-ում և համարվում են ՀՀ քաղաքացի:
Բացի այդ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները, որոնք ևս նախկինում պատվովճար չեն ստացել, այսուհետ կվճարվեն` համապատասխանաբար 200 հազար, 140 հազար և 100 հազար դրամ:
Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին, նախկին 55 հազար դրամի փոխարեն, այսուհետ կտրվի 100 հազար դրամ: Նույն կարգավորմամբ նախատեսվում են պատվովճարներ ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար` 100 հազարական դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները կստանան ցմահ:
Եվրոպական խաղերի, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների համար պատվովճարները կվճարվեն չեմպիոն դառնալու հաջորդող տարվա հունվարի մեկից, մեկ տարի ժամկետով։
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ առաջացող լրացուցիչ ծախսերն արդեն ընդգրկված են 2020 թ-ի պետական բյուջեում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում