Պետությունը պետք է աջակցի այն բիզնեսին, որն աշխատավարձ է տվել աշխատակիցներին և անգամ՝ վնասով աշխատել. Կարեն Ադոնց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.am: Կառավարության կողմից քննարկվող՝ տնտեսվարողներին անտոկոս վարկեր տրամադրելու նախագիծը վերջիններիս համար լրացուցիչ բեռ է դառնալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ նշելով, թե ակնհայտ է, որ կա տնտեսական ճգնաժամ, և այն խորանալու է, իսկ այդ պարագայում պետությունը պետք է մի շարք քայլեր կատարի՝ աջակցելու տնտեսվարողներին:
«Օրինակ՝ ընկերությունը, ճգնաժամով պայմանավորված, ունի 1 միլիոն դոլարի վնաս, և կառավարությունը ոչ թե աջակցում է, այլ թեկուզ անտոկոս, բայց վարկային բեռ է դնում այդ ընկերության վրա, որն աշխատել է առանց որևէ շահույթի: Աշխատել է՝ ի նպատ նրան, որ պետության տնտեսութունը չտուժի, քաղաքացիներն աշխատանքը չկորցնեն: Ստացվում է՝ վնասի փոխարեն վարկ է ստանում, ինչը չի կարող աջակցություն համարվել»,- ասաց տնտեսագետը:
Վերջինիս խոսքով՝ պետության խնդիրն այս ճգնաժամային իրավիճակում ամեն գնով տնտեսական հավասարակշռություն պահպանելն է ու կոնկրետ ծրագիր մշակելը՝ բեկումնային զարգացում ունենալու համար. պետք է լինի հստակ ռազմավարություն, ոչ թե վերացական խոսքեր:
«Պետությունը պետք է աջակցի այն բիզնեսին, որը աշխատավարձ է տվել աշխատակիցներին, և անգամ վնասով՝ աշխատել: Ընկերությունները չպետք է դադարեն աշխատել, պետությունն էլ պետք է երաշխավորի, որ կաջակցի մեղմել կրած վնասները»,-նշեց տնտեսագետը:
Ադոնցը կարևորեց նաև տնտեսական ոլորտների տարբերակումը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտ պետք է պետության կողմից արժանանա անհատական մոտեցման: «Օրինակ՝ արտահանող այն ընկերությունները, որոնք համագործակցում են ռուսական շուկայի հետ, տուժում են ռուսական ռուբլու արժեզրկումից և ՌԴ-ում տնտեսական վիճակով պայմանավորված՝ վճարունակ պահանջարկի անկումից: Այդ ընկերությունները պետք է շարունակեն աշխատել, հակառակ դեպքում շղթայական խնդիրներ կառաջանան: Մեկ այլ ոլորտում աշխատող ընկերության դեպքում աջակցությունը այլ տեսքով կարող է լինել: Այդ է պատճառը, որ կարևոր է անհատական մոտեցում ցուցաբերելը»,– ասաց նա:
Հիշեցնենք՝ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 18-ին և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում