Վահագն Դավթյան. Հարցում

Վահագն Դավթյան. Հարցում

Տե’ր, եթե ինձ այսուհետև էլ չես տալու
Բոցի հրաշքն ու հրաշքը խենթանալու,
Թե չես տալու գլխապտույտն այն արարող,
Որ իրար է խառնում հանկարծ երկինք ու հող,
Կավս խլում, իմ մեջ թողնում միայն ոգի,
Վայրկյանի մեջ ինձ վերածում ասես մոգի,
Վայրկյանի մեջ ինձ դարձնում այնքան արդար,
Որ կարող եմ ճակատագիրն անգամ կարդալ,
Թե չես տալու, թող որ լինի կամքդ վերին,
Հաշտ եմ քեզ հետ, եկ ու ինձ տար քո թևերին:

Թե չես տալու ինձ կարոտի աստղը ծավի,
Որ դողում է թարթիչներին մթնշաղի,
Պահերն այն սուրբ, երբ մաղում է անձրևը տաք,
Կինը փխրում, ծվարում է թևերիդ տակ,
Բուրում հանկարծ, բուրում իբրև անհայտ եդեմ,
Պահերն այն սուրբ, երբ կանգնում ես փակ դռան դեմ
Ու այնպիսի դողով թակում դուռն այդ թաքուն,
Որ թվում է, թե հենց բախտիդ դուռն ես թակում,
Թե չես տալու, թող որ լինի կամքդ վերին,
Հաշտ եմ քեզ հետ, եկ ու ինձ տար քո թևերին:

Թե չեմ կարող էլ տեսիլքի լույսն ստանալ,
Հեռու գետի մի արծաթով հարստանալ,
Հարստանալ մի ծվենով կապույտ մեգի
Ու հեկեկալ ցավով, ի’մ չէ, ուրիշ մեկի,
Թե այսուհետ սիրտս լույսից չի նվալու,
Տերևի դողն ինձ մոգություն չի թվալու,
Շշուկն աստղի չի թվալու հմայություն,
Ու բռնկումն արշալույսի` սուրբ հարություն,
Հաշտ եմ քեզ հետ, թող որ լինի կամքդ վերին,
Եկ ու ինձ տար քո թևերին…

Հետևեք մեզ նաև Telegram-ում