ՊԵԿ նախագահի պարգևավճարը կազմել է 17․8 մլն դրա՞մ

ՊԵԿ նախագահի պարգևավճարը կազմել է 17․8 մլն դրա՞մ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.amՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5 մլրդ 598 մլն 364 հազար դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նախորդ տարի ստացել է 17 մլն 868 հազար դրամի կամ մոտ 38 հազար դոլարի պարգևավճար։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան պարգևատրվել է 14 մլն դրամի կամ մոտ 30 հազար դոլարի չափով, իսկ ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյան՝ 13 մլն 129 հազար դրամի կամ մոտ 28 հազար դոլարի չափով։

ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանին, Միքայել Փաշայանին և Արթուր Մանուկյանին տրվել են 12․9, 12․2 և 12 մլն դրամի պարգևավճար, իսկ Էդվարդ Հովհաննիսյանին՝ 7 մլն 543 հազար դրամի։

ՊԵԿ 7 բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները միասին կազմել են 89 մլն 821 հազար դրամ, միջին ամսական պարգևատրումը՝ 1 մլն 69 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ 429 հետաքննիչները, օպերլիազորները, մաքսային և հարկային տեսուչները միասին 2019 թ․-ի ընթացում ստացել են 612 մլն 342 հազար դրամ պարգևավճար, միջին ամսական պարգևատրումը՝ 118 հազար դրամ։ Իսկ 1-ին կարգի 43 մասնագետների պարգևավճարը կազմել է 56 մլն 642 հազար դրամ, միջին ամսականը՝ 109 հազար դրամ։ Ստացվում է, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե տասնապատիկ անգամ շատ են պարգևավճար ստացել, քան մաքսային, հարկային տեսուչը կամ 1-ին կարգի մասնագետը։

ՊԵԿ 7 բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց 9 խորհրդականները, օգնականները և տեղակալները միասին, ընդհանուր՝ 16 հոգի, 2019 թ․-ի ընթացքում ստացել են 139 մլն դրամ պարգևավճար, միջին ամսական պարգևատրումը՝ 723 հազար դրամ։

Վարչության պետերը, նրանց տեղակալները և խորհրդականները, ընդհանուր՝ 95 աշխատակից, նախորդ տարի ստացել են 553 մլն 445 հազար դրամ պարգևավճար, միջին ամսական պարգևատրումը՝ 484 հազար դրամ։

Բաժնի պետերի, նրանց տեղակալների, բաժանմունքի պետերի, ՀԿԳ քննիչ-բաժնի պետի տեղակալների՝ 261 աշխատակցի պարգևավճարը կազմել է 745 մլն 686 հազար դրամ, միջին ամսական պարգևատրումը՝ 237 հազար դրամ։

Թվով 1084 գլխավոր մաքսային տեսուչներ, գլխավոր մասնագետներ, գլխավոր հարկային տեսուչներ, ՀԿԳ քննիչներ, գլխավոր օպերլիազորներ ստացել են 1 մլրդ 995 մլն 270 հազար դրամ պարգևավճար, միջին ամսական պարգևատրումը՝ 153 հազար դրամ։

Ավագ մաքսային տեսուչները, առաջատար մասնագետները, ավագ հարկային տեսուչները, ավագ քննիչները, ավագ հետաքննիչները, ավագ օպերլիազորները, քննիչները և ավագ մասնագետները՝ 424 աշխատակից, 710 մլն 597 հազար դրամի չափով են պարգևատրվել նախորդ տարի։ Նրանց միջին ամսական պարգևավճարը կազմել է 139 հազար դրամ։

Քաղաքացիական աշխատանք կատարող 200 աշխատակցի պարգևավճարը կազմել է 305 մլն 470 հազար դրամ, միջինը ամսականը պարգևավճարը՝ 126 հազար դրամ։ Քաղաքացիական աշխատանք կատարողներն են՝ տնտեսագետը, պարետային ծառայության հերթափոխի պետը, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգողը, համակարգչային ցանցի ադմինիստրատորը, ՏՏ պատասխանատու, արխիվավարը, ճարտարագետը, ՏՏ այլ սպասարկող մասնագետները, գանձապահը և այլք։

Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները՝ ընդհանուր թվով 497 աշխատակից, այդ թվում՝ անցագրային կետի հերթապահ, պահակ, տնտեսվար, վարորդ, բանվոր, օպերատոր, պահեստապետ, պարետ, հավաքարար և այլք, պարգևատրվել են 479 մլն 912 հազար դրամի չափով, միջին ամսական պարգևավճարը՝ 80 հազար դրամ։

Հակոբ ԱՍԼԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում