Քունն ուղարկեք նրանց, ովքեր չեն կարողանում քնել
Նմանատիպ
– Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում:
– Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես: Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին: Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար: Իսկ այնուհետև նա պետք է մտածի. «Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»:
– Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական թուլության հետևանքը լինել:
– Այո՛, քնկոտությունը երբեմն և՛ գերհոգնածությունից է լինում, և՛ արյան ցածր ճնշումից, և՛ ջերմիջեցումից և այլն: Պետք է պատճառը փնտրել և համապատասխանաբար գործել:
– Հա՛յր, իսկ ինչպե՞ս է պատահում, որ մարդը ջերմեռանդորեն աղոթում է, սակայն քունը նրան պատում է:
– Եթե մարդն իրականում շատ է անհանգստանում ինչ-որ բանի համար, ապա նրա մոտ քնկոտություն չի առաջանում: Բայց և ինքդ պետք է փոքր-ինչ հարկադրես քեզ: Եթե խցում ես աղոթում, ապա ջրով լվացվիր, որպեսզի քունը փախչի:
– Գիշերային հսկման ժամանակ սարսափելի ուզում եմ քնել, ի՞նչ անեմ:
– Պայքարի՛ր քնի հետ: Քանի որ մարդը եկեղեցում հոգեպես խաղաղվում է, իսկ մարմնով հոգնում, ապա քունն էլ տանում է: Սակայն եթե դրան չես տրվում, ապա քունը չի դիմանում և նահանջում է: Իհարկե մեկ-երկու ժամից կրկին սկսում է գրոհել. այդ քունն ավելի կպչուն է և դժվար է այն թոթափել, բայց եթե ջանք գործադրես, ապա այն նույնպես կնահանջի: Իսկ եթե այդ երկրորդ քարավանն էլ հեռացավ, ապա վերջ, քունն այլևս սարսափելի չէ քեզ համար:
– Հա՛յր, գիշերային հսկման ժամանակ կարող եմ անգամ երկու ժամ պայքարել քնի դեմ:
– Իսկ ինչո՞ւ քունը չուղարկես այնտեղ, որտեղ դրա կարիքը կա՝ հիվանդանոցներ, հոգեբուժարաններ: Ասա՛. «Տե՛ր, քունն ուղարկիր նրանց, ովքեր չեն կարողանում քնել կա՛մ ցավի, կա՛մ նյարդային գրգռվածության պատճառով»: Քունը սպեղանու վերածիր և աղոթքի միջոցով ուղարկիր նրանց, ովքեր չեն կարողանում քնել և տառապում են, իսկ ինքդ զօր ու գիշեր փառաբանիր Աստծուն:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում