Կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում, ինչի շնորհիվ պատվաստանյութը տարիների պաշտպանություն կապահովի. գիտնականներ

Կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում, ինչի շնորհիվ պատվաստանյութը տարիների պաշտպանություն կապահովի. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին գիտնականներն ուրախալի լուր են հայտնել՝ նշելով, որ վարակի դեմ պատվաստանյութը պատրաստ լինելուց հետո տևական ժամանակով հուսալի պաշտպանություն կապահովի, գրում է Daily Mail-ը:

Մասնավորապես Ջոն Հոփքինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի կենսաբան Փիթեր Թեյլենը պատմել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում, ինչը նշանակում է, որ դրա դեմ պատվաստանյութը տարիներ շարունակ ապահով պաշտպանություն կունենա:

Մինչդեռ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի թարմացվում են, քանի որ նման վարակները շատ արագ են մուտացիայի ենթարկվում:

Մասնագետը նշել է, որ պատվաստանյութի թարմացման հաճախականությունը կապված է վարակի մուտացիայի արագությունից: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը բավական դանդաղ է մուտացիայի ենթարկվում և այս առումով նման է կարմրուկին և ջրծաղկին:

Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկուկես տարուց ոչ շուտ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում