Մահացել է լոնդոնաբնակ հայ գեղանկարիչ Էդման Այվազյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կյանքից հեռացել է լոնդոնաբնակ հայ գեղանկարիչ, ճարտարապետ, դիզայներ Էդման Այվազյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային պատկերասրահից։
Էդման Այվազյանը ծնվել է 1932 թվականին Թեհրանում: Մասնագիտական կրթություն է ստացել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ 1958 թվականին Իրանի կողմից մասնակցել է Վենետիկի 29-րդ բիենալեին և արժանացել Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1973-ից մշտական բնակություն է հաստատել Լոնդոնում:
Էդման Այվազյանի արվեստում մեծ տեղ է գրավում հայկական թեմատիկան. նա անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել Հայաստանի բնությունը ներկայացնող բազում տեսարաններ։
2015 թվականին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա ճարտարապետական, դիզայներական նախագծերը, ինչպես նաև վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները: Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, եկեղեցիներում և մասնավոր հավաքածուներում:
Էդման Այվազյանը ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է «Արշիլ Գորկի» մեդալով:
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի կայքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում