Ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմի պահանջարկը գնալով մեծանում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչո՞վ է գրավում ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին, ո՞րն է նրա առանձնահատկությունը։ Բովանդակային եւ գաղափարական առումներով ինչո՞վ է տարբերվում հայաստանյան մյուս թատրոններից, ի՞նչ ծրագրեր ունեն առաջիկայում։ Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ի թղթակիցը զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ։ Թատրոնի գլխավոր առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ բոլոր ներկայացումներն այստեղ ցուցադրվում են ռուսերեն։ Տարվա ընթացքում չեն անտեսում նաեւ փոքրիկ հանդիսատեսին։ Շաբաթ եւ կիրակի օրերին նրանց համար հեքիաթներ են ներկայացնում։
– Եթե խաղացանկում հայտնվել են նոր ներկայացումներ, պատմեք դրանց մասին։ Պատմեք նաեւ այս տարվա այն ներկայացումների մասին, որոնք հանդիսատեսի կողմից ակնհայտ հավանության են արժանացել։
– Եթե խոսքն այս տարվա մասին է, ապա պետք է ասեմ, որ փետրվարի 28-ին հանդիսատեսի դատին հանձնեցինք Հովհ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ։ Այն նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար, սակայն փոքրիկներն էլ կարող են գալ մեր ներկայացմանը։ 2019 թ. թատրոնի խաղացանկը համալրվել է մի քանի նոր ներկայացումներով, որոնք եւս մեծ պահանջարկ ունեն, ինչն, անշուշտ, ուրախացնում է մեզ։
– Թատրոնի առաջիկա ծրագրերը ներկայացրեք, խնդրեմ։
– Անելիքներ թատրոնում շատ կան, որոնցից մի քանիսը հրատապ լուծում են պահանջում։ Խոսքը լուսային եւ ձայնային վերազինման մասին է, ինչը, հուսամ, մեզ կհաջողվի լուծել։ Պլանավորված է փոքր դահլիճի մեծացման հարցը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ փոքր բեմի պահանջարկը գնալով մեծանում է։ Լինում են օրեր, երբ ստիպված ենք լինում հանդիսատեսին ասել՝ ներեցեք, տոմսերը սպառված են։ Ապրիլին փոքր բեմում եւս մեկ առաջնախաղ էր ծրագրված՝ Ֆ. Դոստոեւսկու «Խեղճ մարդիկ», որի առաջնախաղը, հավանաբար, կլինի մայիսին։
– Թատրոնի միջազգային օրվա առիթով ի՞նչ ծրագրեր ունեք։
– Մեր բոլոր ծրագրերը փոփոխության ենթարկվեցին՝ հասկանալի պատճառներով։ Բոլորիս քաջառողջություն եմ մաղթում։ Մի շարք միջոցառումներ էինք նախատեսել մեր շատ սիրելի հանդիսատեսի համար՝ նրանց ուշադրությունը գրավելու, ինչու ոչ, թատրոնի հանդեպ սեր սերմանելու համար։ Օրինակ՝ շրջայց թատրոնի շենքում, ինչը, կարծում ենք, կարող էր հետաքրքիր լինել հանդիսատեսի համար եւ այլն…
– Թատերական կյանքն այսօր ի՞նչ վիճակում է։
– Եթե խոսքը մեր թատրոնի մասին է, ապա պետք է ասեմ, որ բավականին բուռն է։ Ստեղծագործական աշխատանքները, հուսանք, շուտով կվերականգնվեն, քանի որ թատրոնում միանգամից կրկին մի քանի ներկայացումների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնք բեմ կբարձրանան մայիս, հունիս ամիսներին՝ «Վարշավյան մեղեդի» (բեմ.՝ Դիանա Բաբայան), «Գարդենիա» (բեմ.՝ Գոռ Մարգարյան) եւ այլն… Նախատեսված էին հյուրախաղեր, որոնք, ցավոք, կհետաձգվեն։ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը պետք է մարտին մասնակցեր Սարանսկի թատերական փառատոնին, բայց…
– Այցելուների թիվը՝ ի՞նչ պատկեր ունեք, եթե դրական է, ինչո՞վ է պայմանավորված։ Բացասականի դեպքում էլ նշեք պատճառները։
– Այցելուների թիվը, բարեբախտաբար, չի իջել։ Խոսքը, իհարկե, վերջին շաբաթվա մասին չէ։ Ամսվա հենց սկզբից մենք չեղարկեցինք մանկական բոլոր ներկայացումները, քանի որ ծնողների հետ զրույցում անհանգստություն զգացինք։ Մինչ այդ պետք է ուրախությամբ փաստեմ, որ օնլայն վաճառքի ցուցանիշները բավականին գոհացնող էին։ Այդ հարթակը թատրոնը նոր է գործարկում։ Եվ յուրաքանչյուր առաջխաղացում մեզ ուրախացնում է։ Այն ունի իր դժվարությունները, քանի որ ոչ բոլոր տարիքի մարդիկ են կարողանում օգտվել այդ հարթակից։ Արի ու տես… Մեզ շատ ոգեւորեց մի պապիկի հետ կապված պատմությունը, որը վերջերս օնլայն տոմս էր գնել, բայց կառավարումները մինչեւ վերջ չէր կարողացել հասցնել։ Դա էական չէ, էականը այն է, որ փորձել էր…
– Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն թատրոններն առավել ժամանակակից դարձնելու համար։
– Առաջին հերթին, միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել, լինել իրադարձությունների կիզակետում, չվախենալ փորձարկումներից ու նորարարություններից։
Լիանա Սարգսյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում