Մեկնարկեց Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը

Կիևում ԵՄ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագրի բացման կոնֆերանսը: Միջոցառման բացմանը մասնակցեց ավելի քան 60 պատվիրակ’ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Բելառուսից: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Վահե Բավեյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Մնացականյանը, “Այ Փի Էս Սի” Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության’Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) ծրագրերի ղեկավար Նելլի Գիշյանը:

Կոնֆերանսը բաղկացած էր երկու հիմնական բաժիններից. առաջին մասում ներկայացվեցին Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները և խնդիրները: Երկրորդ մասում ծրագրի երեք հիմնական ուղղություններով առանձնացված աշխատանքային խմբերում քննարկվեցին. երիտասարդական ոլորտում պետական կառույցների միջսեկտորային համագործակցության, փաստարկված երիտասարդական քաղաքականության ստեղծման և երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի զարգացման հիմնահարցերը, երիտասարդական մասնակցության և երիտասարդական քաղաքականության պետություն-հասարակական սեկտոր փոխարդյունավետ համագործակցության հիմնախնդիրները:

Արսեն Քարամյանի խոսքով’«Կոնֆերանսի արդյունքում հաստատվեց, որ Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև 2015թ. հոկտեմբերին Երևանում կանցկացվի տարածաշրջանային ֆորում’ երիտասարդական մասնակցության վերաբերյալ»:

Արդյունքում որոշվեց նաև Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը մինչև 2015թ. ավարտը սկսել նաև Հայաստանի Հանրապետությունում:

Ծրագրի երկրորդ մասում’ խմբային աշխատանքների ժամանակ, Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ Նելլի Գիշյանն առաջարկեց ՀՀ մարզերում զարգացնել երիտասարդական աշխատանքը’ հիմնելով մարզային երիտասարդական կենտրոններ: Վերը նշված առաջարկը հավանության արժանացավ կազմակերպիչների կողմից, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը օգոստոս ամսին Վրաստանում կայանալիք հանդիպմանը կներկայացնի ընդգրկուն ծրագիր:

Աստղիկ Ավետիսյան, «Հայկական ՓԻԱՌ ասոցացիա» հկ-ի տնօրեն 

Հետևեք մեզ նաև Telegram-ում