Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Արցախի հանրային հեռուստաընկերությամբ շարունակվում է Արցախի նախագահների բանավեճը:
Թեկնածուներից Վահան Բադասյանը հարց ուղղեց Վիտալի Բալասանյանին: «Դուք ասում եք Արցախն առանձին հանրապետություն է, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, Դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանք էլ Ձեզ են սատարում, իսկ նրանք Հայաստանում հակահեղափոխականներ են. արդյո՞ք նախագահ ընտրվելուց Դուք հակամարտության մեջ եք մտնելու և սեպ եք խրելու Հայաստանի և Արցախի միջև»:
Վիտալի Բալասանյանը նշեց, որ ինքը միշտ ասել է, որ մինչև Արցախը միջազգայնորեն չճանաչվի, այո՛ Արցախը երկրորդ հայկական հանրապետություն է: «Ես որևէ մեկին չեմ սատարում, ես պատրաստ եմ եղել, հիմա էլ պատրաստ եմ անվտանգության հարցերով համագործակցել թե՛ ՀՀ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ, ես որևէ խնդիր չունեմ: Այն ասեկոսեները, որ Դուք և Ձեր կողմնակիցները բարձրաձայնում եք, ճիշտ չէ: Ցույց տվեք մի դեպք, երբ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ինձ սատարում են»,– ասաց նա:
Բալասանյանը նշեց, որ նրանք, ովքեր չեն ճանաչում, չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշումը, այն Սահմանադրությունը, որին քվե է տվել ժողովուրդը, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են, ահաբեկիչներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում