Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր նվազում է, ներկա պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 2396 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների 93 տոկոսն ապաքինվել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվը հասել է 81 470-ի, որոնցից 75 770-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 93 տոկոսը:
Համավարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (առանց Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 669 դեպք, որոնցից 118-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,86 տոկոս: Համավարակի օջախ Հուբեյ նահանգում գրանցվել է 67 801 վարակման դեպք, 3186-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 4,69 տոկոս:
Ընդ որում, Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5,09 տոկոս: Ընդհանուր առմամբ, Չինաստանում նոր տեսակի համավարակը 3304 մարդու կյանք է խլել։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33,976-ի, ապաքինվածներինը՝ 151,766-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում