6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: Չորս փակ սահմաններով, դադարեցված ավիափոխադրումներով, ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով, համաճարակի տեմպերի աճի վտանգով, հարձակման պատրաստ հակառակորդով Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Երբևէ ռիսկերն այսքան բազմազան և այսչափ միանգամից չեն եղել։ Տրամաբանությունն այնպիսին է, որ մի խնդիրը մուլտիպլիկատիվ մի քանի նոր ինքնուրույն խնդիր է առաջացնելու՝ ոչ պակաս սուր, քան «մայր» խնդիրը։ Մենք կարող ենք ունենալ «խնդիրների փոխվարակելիության» ֆենոմեն։ Մեզ անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային։ Ներկայացնում ենք հրատապ քայլերի առաջին խումբը.
1. Կառավարության պահուստային ֆոնդից համաճարակի դեմ պայքարի համար ՀՀ կառավարությունը մարտի 13-ի որոշմամբ հատկացրել է 441 մլն դրամ, իսկ հանրաքվեի անցկացման համար՝ փետրվարի 20-ի որոշմամբ, մոտ 3.5 մլրդ դրամ։ Սա աբսուրդ է։ Առաջարկում ենք չեղարկել փետրվարի 20-ի որոշումը և գումարը վերահասցեավորել համաճարակի դեմ պայքարին։ Մեզ առաջիկայում հրատապ զգալի գումարներ են պետք գալու՝ դեղորայքի, բուժսարքավորումների, չարտերային թռիչքների, բուժանձնակազմի հավելավճարների, առաջին անհրաժեշտության ապրանքների և այլ հրատապ ծախսերի համար։
2. Կառավարական ամառանոցների դատարկում և դրանց տրամադրումը պարետատանը՝ հակահամաճարակային խնդիրներ լուծելու համար՝ քաղաքացիների մեկուսացում, ժամանակավոր հիվանդանոցներ։ Պետության բալանսի վրա այսօր կան մեծ թվով լավ կամ շատ լավ վիճակում գտնվող առանձնատներ, հյուրատներ և այլն։ Միայն Կոնդի առանձնատներում կա 6-8 դատարկ պատրաստի շինություն, տարածքում բնակվում է միայն երկու ընտանիք։ Ուրիշ ոչ ոք։ Նրանք հանգիստ կարող են տեղափոխվել իրենց տները, և մենքկունենանք մեկուսացման համար չափազանց հարմար վայր։ Մի օր կենտկոմական այդ «դաչաներից» պետությունը պետք է հրաժարվի։ Ավելի լավ պահ չկա։ Զգալի թվով պետական առանձնատներ կան Սևանում, Դիլիջանում, որոնք նույնպես կարող են տրամադրվել համաճարակի դեմ պայքարին։ Սա հանրային սոլիդարության մեծ քայլ է՝ դժվար պահին հրաժարվել ճոխությունից։
3. Պարետի պաշտոնական դիմումով տարբեր անձինք, որոնք ունեն ճգնաժամային պայմաններում աշխատելու փորձ, գիտելիքներ, կապեր, պետք է հրավիրվեն միասնական աշխատանքի։ Հիմա նեղ ամբիցիաների ժամանակը չէ։ Կան մարդիկ, որոնք 1990-2000-ականների տարբեր ճգնաժամային փուլերում աշխատել են ծանր պայմաններում և կուտակել մեծ փորձ ու գիտելիք, որոնք կարող են իրական օգուտ տալ պետությանը՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և օրվա իշխանության անձնական համակրանքից։ Տնտեսական անվտանգություն, պետական ապարատի ճգնաժամային կառավարում, պարենային ապահովում, աշխատաշուկայի վերադասավորումներ, ֆինանսական մեխանիզմների գործադրում, բիզնեսի ճգնաժամային համակարգում, գյուղատնտեսական ճգնաժամի կանխարգելում, քաղաքային կառավարում, սոցիալական ծրագրեր. այս և այլ բազմաթիվ ոլորտներում կան լուրջ փորձ ունեցող մարդիկ, որոնց պետք է ներգրավել աշխատանքներում։
4. Հատուկ լիազորություններ տալ նախագահ Արմեն Սարգսյանին։ Դատելով վերջին շրջանի նրա հեռախոսազանգերից ու հանդիպումներից՝ հենց նա է այսօր Հայաստանի անունից բանակցում այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, առողջապահական, գիտական հաստատությունների հետ։ Հայաստանն առաջիկայում կարիք է զգալու մեծ ծավալի օգնության, սա պետք է ընդունել՝ առանց ավելորդ հպարտություն խաղալու։ Իսկ այսօր օգնության համար ճիշտ հասցեով դիմելը, ստանալը և տեղ հասցնելն առանձին հսկայական աշխատանքի ուղղություն է։
5. Վերջին շրջանում հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններն իջեցված են վարչապետ Միշուստինի մակարդակի։ Սա նկատելի է անզեն աչքով։ Ակնհայտ է, որ Հայաստանին առաջիկայում պետք է գալու Ռուսաստանի զգալի աջակցությունը, որն այդ երկրում բացառապես քաղաքական որոշման խնդիր է, և ոչ երբեք՝ վարչարարական։ Ռուսաստանում քաղաքական որոշումները կայացվում են բացառապես նախագահ Պուտինի մակարդակով։ Հայաստանին պետք է լինելու քաղաքական, ռազմական, նյութատեխնիական, լոգիստիկ, հումանիտար աջակցություն։ Հիմա հարց՝ ինչու՞ պետք է դա անի Ռուսաստանը։ Կարող է հանգիստ չանել՝ հաշվի առնելով իր սեփական ներքին խնդիրները և այլ նրբություններ։ Հայաստանում կա մեկ մարդ, որի զանգը կարող է Ռուսաստանում քաղաքական որոշումների խթան հանդիսանալ։ Այդ մեկ մարդն անազատության մեջ է։
6. Հայաստանը պետք է բարձրացնի բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Մի շարք ազդեցիկ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտին, Ռոհանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բարձրացնում են համաճարակի պայմաններում սանկցիաների, սահմանափակումների՝ ֆինանսական, նյութատեխնիկական, լոգիստիկ, տեխնոլոգիական վերացման խնդիրը՝ համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Առաջ է քաշվում, այսպես կոչված «կանաչ միջանցքի» գաղափարը։ Հայաստանը պետք է օգտագործի այս պահը՝ Թուրքիայի վրա միջազգային «բարոյական» ճնշում սկսելու համար։ Բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը պետք է բացվի։ Առնվազն՝ այդ հարցը պետք է դրվի։ Սա պետք է հիմա, սա պետք է գալու նաև հետհամաճարակային փուլում։ Մեր պահանջն այս պահին միջազգային հանրության համար լինելու է ընկալելի։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հետևեք մեզ նաև Telegram-ում