Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.am: Ժամանակակից իրականության պայմաններում հեռախոսները անձնական կյանքի վերաբերյալ մեծածավալ տեղեկատվություն են պարունակում, և պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը լրիվ նոնսենս է մարդու իրավունքների տեսանկյունից և շատ մոտիկից հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծին:
Նա կարևորեց, որ նախագիծը լուրջ քննադատության է արժանացել թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական շրջանակների, թե՛ իրավապաշտպանների կողմից:
«Իրավիճակը բավական պարզ է. իրավաբանությունից «սոցիալական հեռավորություն չպահող» գործիչների համար ակնհայտ է, որ այս նախագիծն ունի առնվազն երկու լրջագույն խնդիր»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե առաջին խնդիրը՝ հավելվածի ներբեռնման պարտավորության մասին ձևակերպումը, անհասկանալի ու անորոշ է:
«Եթե մենք կարող ենք պնդել, որ, օրինակ, հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տեղեկություններ, անձնական տվյալներ ստանալը նախատեսված է որոշ մեխանիզմներով, որոնք կարող են պետությանը հասանելի լինել, օրինակ՝ դատարանի որոշմամբ՝ տարբեր իրավաչափ շահեր սպասարկելու համար, ապա մեր իրավական պատմության մեջ առաջին անգամ է, որ, կարծես, նախատեսվում է պարտականություն»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե դա անկյունաքարային խնդիր է:
«Պետությունը չի կարող մարդու վրա պարտականություն դնել ներբեռնել ինչ-որ ծրագիր՝ առանց այլընտրանք նախատեսելու, առանց բողոքարկման հնարավորություն նախատեսելու»,- հավելեց նա:
Մյուս խնդիրն էլ, Մելիքյանի կարծիքով, վերաբերում է նրան, որ անձի լոկացիայից բացի նաև նրա հեռխոսային խոակցութուններն են վերահսկողության առարկա դառնում, մասնավորապես՝ զրուցակիցների հեռախոսազրույցի տևողությունը, հաղորդագրությունները և այլն:
«Կարծում եմ՝ իրավապաշտպան համակարգը պետք է զրո հանդուրժողականություն դրսևորի մարդու իրավունքների նման ծայրահեղ ոտնահաումների նկատմամբ»,-ամփոփեց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր երկրորդ ընթերցմամբ այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ավելի ուշ կրկին արտահերթ նիստ գումարվեց, և այն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում