Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Չինացի գիտնականները քննարկում են նոր տեսակի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի թեստերի մի մասն արտասահմանում փորձարկելու հնարավորությունը՝ դեղերի արդյունավետության վերաբերյալ առավել ճշգրիտ արդյունքներ ստանալու համար, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «South China Morning Post»-ին։
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Չինաստանը սկսել է մարտի 16-ին։ Փորձարկմանը մասնակցում են 108 կամավորներ, որոնք բաժանվել են 36 հոգուց բաղկացած 3 խմբի:
Փորձարկման ընթացքում կամավորների առաջին խմբին տրվելու է պատվաստանյութի ցածր, երկրորդին միջին և երրորդին՝ բարձր չափաբաժին։ Կլինիկական փորձարկումները տեղի կունենան մինչև տարեվերջ: Թեստավորման առաջին փուլն արդեն սկսվել է, սակայն դեռևս չի նշվում, թե կոնկրետ քանի կամավոր է մասնակցել դրան:
Շնչառական հիվանդությունների պետական լաբորատորիայի վիրուսաբան Չեն Լինի խոսքով, թեստերի ստուգման երկրորդ և երրորդ փուլերի համար կպահանջվեն հազարավոր մարդիկ, իսկ վիրուսից առավել տուժած երկրներում այդ թեստերի անցկացումը կօգնի ավելի ճշգրիտ արդյունքների հասնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում