Թուրքիայում Մալքարայի հայկական գերեզմանատան վրա ճաշարան է կառուցվում
Նմանատիպ
Անատոլիայի’ հարյուրամյակների պատմություն ունեցող գերեզմանաքարերը և պատմական հետքերը ոչնչանալով անհետանում են քաղաքային կառուցապատումների, ճաշարանների կառուցման կամ ճանապարհաշինարարության արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Radikal պարբերականն անդրադարձել է Թուրքիայում հայկական պատմամշակութային հուշարձանների վերացմանը:
Պարբերականը, հիշատակելով Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառի մասին, նշում է, որ այս վայրը հայերի կողմից հազվադեպ է բերվում օրակարգ, մինչդեռ 1915 թվականի սկզբներին այստեղ ապրում էր շուրջ 3 հազար 500 հայ: Մալքարայում եղել է հայկական եկեղեցի, երկու հայկական քոլեջ: Սակայն Radikal-ը ցավով արձանագրում է այն փաստը, որ շուրջ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ այն մասին, որ Մալքարայի հայկական գերեզմանատան վրա ճաշարան է կառուցվում: «Կառույցը ռեստորանի վերածելու համար արդեն իսկ սկսվել են աշխատանքները: Երբ գցվում էին կառույցի հիմքերը, ոսկորներ երևացի ն»,- գրում է Radikal-ը: Խոսելով հայկական գերեզմանատան վերացման մասին’ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մալքարայի ներկայացուցիչ Դեմիր Ալի Փալան նշել է, որ որևէ տեղեկություն չունի գերեզմանոցից դուրս եկած ոսկորների հետագա ճակատագրի վերաբերյալ: Նրա խոսքերով’ տարածքում շինարարությունն իրականացնելն անհրաժեշտություն է, քանի որ այն դարձել է «ոգելից խմիչքներ խմելու և թմրանյութեր վաճառելու վայր»:
Radikal-ը, անդրադառնալով գերեզմանոցից քիչ հեռու գտնվող հայկական Սուրբ Թորոս եկեղեցուն, նշում է, որ այն ևս ավերված է և սպասում է վերականգնման: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն էլ մի քանի տարվա ընթացքում չի դառնա վաճառքի առարկա, վանքի միակ հնարավորությունը Հուշարձանների կազմակերպությունում գրանցվելն է: Երբ մտնում եք Սուրբ Թորոս եկեղեցի, կարող եք տեսնել դրանում առկա փոսերը»,- գրում է պարբերականը’ նշելով, որ տարիներ ի վեր եկեղեցին թիրախ է եղել գանձեր որոնողների համար:
Radikal-ը հիշատակում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու տեղում նախկինում Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատան գտնվելու փաստը և ցավով արձանագրում Թուրքիայի երկու տարբեր ծայրերում գրանցվող միևնույն երևույթը’ հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թաքսիմում իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատան 16 տապանաքարեր: Գերեզմանատունն իր օրինական տերերին վերադարձնելու մասին հայտարարություններ հնչեցին երկրում սկսված հակակառավարական ցույցերի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում