Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին

Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Միջին եւ ավագ սերունդը հրաշալի հիշում է Լեոնիդ Կվինիխիձեի «Ծղոտե գլխարկ» հայտնի կինոկատակերգությունը, որի հաջողության գրավականներից մեկն էլ փայլուն դերասանական կազմն է:

Kulturologia.ru-ի փոխանցմամբ, այս «թեթեւ» ֆիլմից հետո Անդրեյ Միրոնովն ու Լյուդմիլա Գուրչենկոն զրկվել են Էլդար Ռյազանովի ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից:

Երբ 1973թ. Լեոնիդ Կվինիխիձեն ավարտեց իր «Ինժեներ Գարինի կործանումը» ֆիլմը, կինոքննադատներն այն որակեցին որպես ռեժիսոր Կվինիխիձեի կործանում:

Ոչ բարեհաճ մեկնաբանություններից ու կարծիքներից հետո նա ստիպված դիմեց գործընկերներին ու առաջարկեց որեւէ ուրախ բան նկարել ու այդպիսով ընտրվեց ֆրանսիացի հեղինակներ Մարկ Միշելի եւ Էժեն Լաբիշի «Ծղոտե գլխարկը» վոդեւիլը:

Սկզբում որեւէ մեկը լուրջ չէր վերաբերվում այս ձեռնարկին, չէին էլ մտածում, թե կինոնկարը հաջողություն կունենա:

Կվինիխիձեն հրավիրեց բոլոր այն դերասաններին, որոնց հետ աշխատել էր «Ինժեներ Գարինի կործանումը» ֆիլմում՝ այդ թվում Նոնա Տերենտեւային եւ Օլեգ Բորիսովին: Օլեգ Բորիսովը չկարողացավ մասնակցել ֆիլմում՝ հիվանդության պատճառով, իսկ Լյուդմիլա Գուրչենկոն ավելի համոզիչ թվաց:

Այս ֆիլմը նաեւ Միխայիլ Բոյարսկու իրական կինոդեբյուտն են համարում, թեեւ ավելի վաղ նա մի քանի ֆիլմում էլ էր նկարվել ու աննկատ մնացել: Բոյարսկին «Ծղոտե գլխարկում» հայտնվեց հոր շնորհիվ, որը մտերիմ էր կինոռեժիսորի հետ: Դերասանները նկարահանումների ժամանակ հաճախ էին դիմում իմպրովիզների, օրինակ, Կոզակովը ֆիլմում ռեպլիկ է անում իր եւ երիտասարդ հովվի ոչ ստանդարտ մտերմության մասին, ինչը հարուցում է Միրոնովի ծիծաղը: «Գժվե՞լ եք, կփակեն ֆիլմը»,-ասում է նա: Ռեժիսորն էլ իր հերթին պատասխանում է. «Թող փակեն»: Գրաքննիչները չնկատեցին ռեպլիկը՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին եւ ֆիլմը իսկապես հաստատվեց:

Մի անգամ էլ Կոզակովի՝ դուելի տեսարանի նկարահանման ժամանակ գլխից թռավ կեղծամը, ռեժիսորը, սակայն, պահանջեց շարունակել նկարահանումը: Մեկ այլ տեսարանում ինքնաբուխ իմպրովիզով հանդես եկավ Միրոնովը: Նա մոտեցավ, կրքոտ համբուրեց Ալիսա Ֆրենդլիխի պարանոցը, ապա նայելով Բոյարսկու հերոսին՝ ասաց. «Քեզ էլ եմ խորհուրդ տալիս»: Դրանից հետո նկարահանող խմբի մոտ հիստերիկ ծիծաղ սկսվեց, բայց հետագայում այդ տեսարանն էլ դարձավ հաջողվածներից մեկը:

Հետագայում Բոյարսկին խոստովանում է, որ նկարահանումների ժամանակ իրեն շատ է օգնել Ալիսա Ֆրենդլիխը, նա ասել է, որ իր հսկա հովհարի հետեւում կթաքցնի յուրաքանչյուր սկսնակ դերասանի շփոթմունքը: Հարսնացուի դերը պետք է խաղար Եկատերինա Վասիլեւան, սակայն վերջին պահին շատ պատահականորեն այդ դերը տրվում է ուրիշի, որովհետեւ ռեժիսորը կարծում է, որ հարսնացուն պետք է ավելի անմեղ տեսք ունենա: Իսկ Վասիլեւան նոր դեր է ստանում՝ անհավատարիմ կնոջ դերը: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, որը, սակայն, Էլդար Ռյազանովի սրտով չէր:

Ըստ Kulturologia.ru-ի՝ նա պատրաստվում էր նկարահանել «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը, որի գլխավոր դերերի համար որոշել էր հրավիրել Լյուդմիլա Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին, սակայն, ռեժիսորի կարծիքով, նրանց «վոդեւիլային» իմիջը կխանգարեր արտիստներին հանդես գալ դրամատիկ կերպարներում: Այնուամենայնիվ, Գուրչենկոն ու Միրոնովը հայտնվեցին «Ճակատագրի հեգնանքում»՝ երբ Իպոլիտը միացնում է հեռուստացույցը, էկրանին նրանք են երեւում՝ պարելիս: Ռյազանովը հետագայում Գուրչենկոյին ընդգրկեց իր այլ ֆիլմում՝ «Կայարան երկուսի համար»:

Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում