Լիտվան գլխավորել է Եվրամիության Խորհուրդը
Նմանատիպ
Առաջիկա կես տարում Եվրամիության Խորհրդում նախագահելու է Լիտվան: Հուլիսի 1-ին այդ լիազորությունները Իռլանդիայից անցել են նրան, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Այս պատվավոր առաքելությունը Լիտվան առաջինն է ստանձնել Բալթյան երկրներից»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս նշել է Սեյմի (խորհրդարանի) եվրոպական գործեի կոմիտեի նախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասը:
Նրա խոսքով՝ Վիլնյուսը, որպես իր նախագահության գերակայություններ, առաջադրել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, ինչպես նաեւ Բալթիկ ծովի տարածաշրջանի համար Եվրամիության ռազմավարությանը նոր դինամիկա հաղորդելը, էներգետիկական անվտանգության հարցերի լուծումը եւ Եվրամիության արտաքին սահմանների պահպանության ամրապնդումը:
Իր նախագահության ըթնացքում Լիտվան շուրջ երեք հազար տարբեր միջոցառումներ ու հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում: Լիտվայում կկայանա շուրջ 180 միջոցառում, այդ թվում՝ 16 հանդիպում նախարարների մակարդակով: Նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների ղեկավարների հանդիպումը:
Լիտվայի նախագահության բյուջեն կազմում է 214 մլն լիտ (62 մլն եվրո):
Հետևեք մեզ նաև Telegram-ում