Արամ Բարեղամյան․ Նոր ձևաչափով դժվար կլինի բարձրացնել մեր առաջնության մակարդակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո «Ուրարտուն» 23 միավորով 8-րդ տեղում է։ Ըստ նոր ձևաչափի՝ սա նշանակում է, որ թիմն այս մրցաշարում այլևս չի կարող պայքարել մեդալների համար։ Այս և այլ հարցերի մասին ArmSport-ը զրուցել է երևանյան թիմի ավագ Արամ Բարեղամյանի հետ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Հայաստանի առաջնությունը, ինչպես և շատուշատ այլ մրցաշարեր, անժամանակ դադարեցված է։
-Առաջնությունը շարունակելու ի՞նչ սցենար եք տեսնում։ Ըստ ձեզ՝ ե՞րբ ու ինչպե՞ս այն կլինի։
-Ըստ իս` առաջնությունը կմեկնարկի մոտավորապես հունիսի 1-ին և կանցկացվի խտացված գրաֆիկով: Կարծում եմ՝ նման զարգացման դեպքում հնարավոր կլինի անցկացնել առաջնության և գավաթի բոլոր խաղերը մինչև հուլիսի վերջ:
-Առանց հանդիսականների՞։
-Դա արդեն կախված կլինի նրանից, թե վիրուսի նվազման որ փուլում կգտնվենք։ Տա Աստված, մինչև մայիսի 15-ը այլևս չունենանք գեթ մեկ վարակակիր:
-Ի՞նչ կասեք նոր ձևաչափի մասին, ըստ որի, միայն, այսպես ասած, լավագույն վեցնյակն է պայքարելու մեդալների համար։
-Առաջին հայացքից հետաքրքիր էր թվում,սակայն մի փոքր խորը վերլուծելով՝ կարող եմ ասել,որ մեր առաջնության համար հարմար տարբերակ չէ և դժվար կլինի նման ձևաչափով բարձրացնել առաջնության մակարդակը:
-«Ուրարտուի» համար այդ պայքարից դուրս մնալն անսովոր է․ ի՞նչը չստացվեց։
-Չստացվեց բավարար քանակի միավորներ վաստակել։ Հատկապես սկզբնական շրջանի խաղերում ձախողեցինք։ Իսկ հիմա, եթե ձևաչափը թույլ տար միասնական առաջնություն անցկացնել,վստահ եմ,որ կպայքարեինք մրցանակային տեղերի համար:
-Ո՞րն է լինելու ձեր մոտիվացիան առաջնության վերսկսումից հետո։
-Տիրանալ գավաթին գավաթի խաղարկությունում, իսկ առաջնության մնացած խաղերում ուղղակի հաղթել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում